Լրահոս
Մամուլի տեսություն
11:12
07.11.24
139

ԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:

Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) և հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ:

Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցների նկարագրմամբ՝ Նունեն ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն և վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո՝ քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները և գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը, հետագայում պարզվել է, ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է:

Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել:

Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը՝ նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին (տեսանյութում կան դեպքի մանրամասները):

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, ով պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը և, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երևույթի վերաբերյալ:

Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչև իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երևույթին:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից և նրա վարորդը չի եղել:

Նախարարության և փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում:

Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից:

Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից, որի մասով ևս պաշտոնական հարցում ենք արել:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ պարզագույն այս հարցերին պատասխանելու համար: Եվ այս դանդաղկոտությունն է թերևս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից:

Իսկ սա ուղղակի հանցագործություն չէ, այլ ՀՀ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությամբ միջպետական սկանդալ. օտար երկրների դեսպանատները փաստացի փորձել են ներքաշել խարդախությունների մեջ, իսկ Նիդերլանդների դեպքում 8 հոգու վիզան ստացվել է 3 օրում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: