Լրահոս
Միջազգային
14:30
20.06.24
131

Ամերիկյան ընկերությունը զինամթերքի արտադրություն կսկսի Ուկրաինայում

Img default alt hy

Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը մտադիր է միջին տրամաչափի զինամթերքի արտադրություն սկսել Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Breaking Defense հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչ Դեյվ Բարթելին։

«Northrop-ի համատեղ արտադրության շուրջ համաձայնագիրը հրապարակայնորեն հաստատված առաջին գործարքն է ԱՄՆ-ի խոշոր պաշտպանական կապալառուի և Ուկրաինայի կառավարության միջև՝ Ուկրաինայի տարածքում արտադրական նախագիծ իրականացնելու համար», - ասվում է հրապարակման մեջ:

Բարթելը Փարիզում կայացած Eurosatory 2024 միջազգային ցուցահանդեսում հայտնել է, որ ապագայում պլանավորվում է նախագծի ընդլայնում՝ տանկային և հրետանային 155 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության հաշվին, ինչպես նաև այլ արկերի արտադրություն։ Northrop-ի ներկայացուցիչը ծրագրի մանրամասները չի հայտնել:

Ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Սթենլի Բրաունն իր հերթին նշել է, որ Պետքարտուղարության նոր ծրագիրը, որը նախատեսում է 2 միլիարդ դոլարի ներդրում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազայում, կարող է դուռ բացել ամերիկա-ուկրաինական հետագա համատեղ արտադրության համար:

Northrop Grumman-ի կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիայի նահանգում: Ընկերությունն աշխարհում երրորդն է պաշտպանական եկամուտով, որը տարեկան կազմում է շուրջ 32,5 միլիարդ դոլար: