Լրահոս
Հասարակական
21:15
28.05.24
1 025

«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին

Img default alt hy

Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք: «Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում: Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում: Aravot.am-ը մեկնաբանության համար կապվել է երգչուհու հետ: Նա ասել է, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել: Նշել է նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների: Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը, Aravot.am-ին տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է՝ բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը:

 «Սոնան անգամ չի իմացել, որ դրես կոդ կա, կանանց հագուստը պետք է սպիտակ լինի, տղամարդկանց հագուստը՝ սեւ, ինքը սեւ հագուստով է գնացել, չի իմացել, թե ովքեր են հրավիրված… Այդ միջոցառումը կարծեմ ժամը 2-ին է սկսվել, ինքը ժամը 5-ի կողմերն է գնացել: Իր բալիկի հետ գնացել, երգել ու եկել է: Հերոս մայրեր են նստած եղել, իրենց համար է երգել: Միջոցառման վարողն ասել է, որ Կարինեի ծննդյան օրն է, ով բարեգործ կին է, ում հրավերով Սոնան բարեգործական միջոցառումների ժամանակ անվճար երգում է… Ամիսներ առաջ էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներից՝ ձեռք ու ոտք կորցրած մի տղայի հարսանիքին է Սոնան Կարինեի հրավերով գնացել ու երգել՝ բարեգործական հիմունքներով: Իսկ այդ օրը Սոնան երգել է ազգագրական շարաններ, վերջում էլ՝«Ես քո զավակն եմ, Հայաստան», նվիրել է հերոսների մայրերին ու թողել եկել է… Այնտեղ տարբեր բնագավառի մարդիկ են եղել, բայց մենք ոչ մեկի հետ առնչություն չունենք, Սոնան նեյտրալ մարդ է: Միջոցառման վարողն ասել է՝ բարեգործական միջոցառում է, քեզ շատ են սիրում, ուզում են, որ դու երգես, այդ կինն էլ շատ լավ կին էլ (Կարինեն-խմբ.), միշտ զինվորներին օգնում է, դրա համար է գնացել Սոնան»:

Անահիտ Շահգելդյանը հավելել է. «Երեկ երեկոյան է Սոնան իմացել, որ զոհեր ունենք, ու որ ահավոր բան է տեղի ունեցել: 44-օրյա պատերազմից հետո ինքը չի երգել, տարբեր միջոցառումներ են արել, չի մասնակցել: Մենք ամեն օր լաց ենք լինում, թե ինչ տղաներ ենք կորցրել…Սոնան իր ծննդյան օրը՝ փետրվարի 14-ին համերգ էր դրել, բայց քանի որ այդ օրը զոհեր ունեինք, այդ համերգն էլ է հանել: Ասում էր՝ չեմ կարող երգել, զոհեր ենք ունեցել…»: