Լրահոս
Առողջապահական
19:50
19.07.24
276

Եվս 14 հոգեբան կմասնակցի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի քննչական գործողություններին

Img default alt hy

«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ օրերս տեղի է ունեցել Արդարադատության նախարարության կողմից հայտարարված՝ հոգեբանների որակավորումը, որին մասնակցել է 26 դիմորդ: Անցողիկ շեմը հաղթահարել է 14 մասնակից: Հայտնում են ԱՆ-ից:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը վկայականներ է հանձնել որակավորման փուլը հաղթահարած հոգեբաններին և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջող ծառայություն։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հոգեբաններից պահանջվում են մասնագիտական բարձր որակներ, բացառիկ պատասխանատվություն և աշխատանքի արդյունավետություն:

Նախարարի տեղակալը հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին արդյունավետ համագործակցության և ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորա Օհանյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը:

Նշենք, որ հոգեբաններն ապրիլի 22-ից մինչև հունիսի 4-ն անցել են արդարադատության նախարարի կողմից հաստատված կարգով 2024 թվականի որակավորման դասընթացների փուլը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի ուսումնական կենտրոնում: Պրակտիկան իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում: