Լրահոս
Միջազգային
19:44
06.11.24
172

ԵԽ-ում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

Img default alt hy

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի բացման խոսքով հանդես են եկել խորհրդաժողովը հյուրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP 29-ի անցկացմանն առնչվող տարբեր խնդիրների վրա, մասնավորապես, թե այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա հյուրընկալումը Բաքվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, հատկապես Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների ետնապատկերում։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ, քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․«Այս խորհրդաժողովի անցկացումը կարևոր ուղերձ է COP 29-ին մասնակցել պատրաստվող եվրոպական պատվիրակություններին՝ առ այն, որ բնապահպանական իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող առանձնանալ մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից։ Ադրբեջանը մարդու իրավունքների նման վիճակով և պատերազմական հանցագործություններով չպետք է հնարավորություն ունենար հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը, որով պետք է փորձի պարտակել ցեղասպանի իր դիմագիծը։ Մենք մի անգամ ևս մեր գոհունակությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, հատկապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին՝ խորհրդաժողովի հյուրընկալման համար։

Այս խորհրդաժողովի նախօրեին Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի տարածքից օկուպացիոն զինված ուժերի դուրսբերման պահանջով, Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որն առարկայացել էր ավելի վաղ ընդունված բանաձևով։ Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները և լիահույս ենք՝ COP 29-ին մասնակից եվրոպական պատվիրակությունները չեն կենտրորանանա միայն բնապահպանական խնդիրների վրա և հայությանն առնչվող խնդիրների շրջագծում կբարձրաձայնեն այն տեսակետները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի բանաձևերում ու ԵՄ գործադիր իշխանության հայտարարություններում»։