Լրահոս
Քաղաքական
23:30
24.06.24
133

Հայաստանի իշխանությանը պետք է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա Բաքվի բանտում. Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպության ղեկավար Մետաքսե Հակոբյանն Արցախի ներկայացուցչության վրա հարձակումը համարում է Արցախի դեմ ուղղված քայլ՝ իրականացված ՀՀ իշխանության կողմից։ Այդ մասին նա ասել է 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։  Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը հարձակվել է Արցախում՝ Արցախի վրա, իսկ Հայաստանում Արցախի Հանրապետությունը, որն այս պահին հենց Արցախի ներկայացուցչությունն է, հարձակման է ենթարկվում ՀՀ իշխանության կողմից՝ Բաքվին ցույց տալու համար, որ Արցախն իրենց համար մերժելի է նաև Հայաստանում։

«Այո, Արցախի ներկայացուցչությունը, Արցախի նախագահը, Արցախի ժողովուրդն են այս իշխանության թիրախում, որոնք արդեն նշանակվել են մեղավոր Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական հետագա գործողությունների։ Օրինակ՝ ՔՊ-ական մի գեներալ ասում է, որ նոյեմբերին Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Փաշինյանն ասում է, որ պատերազմից որևէ մեկս ապահովագրված չենք, և, որ խաղաղության պայմանագիր՝ չի նշանակում խաղաղություն։ Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն»,– ասել է Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ըստ ՔՊ-ականների՝ նոյեմբերին Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, և անհրաժեշտ է մեղավորներ կարգել դրա համար հենց արցախցիներին, ինչն էլ անում է ՀՀ իշխանությունը՝ չթաքցնելով իր ատելությունն արցախցիների նկատմամբ։

«Հիշեք, որ Հայաստանի Կառավարության ղեկավարի պահանջով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց. այդ որոշման նպատակն Արցախը գլխատելն էր, որովհետև եթե չկա իշխանություն, արցախցիները բռնի տեղահանվելու էին Հայաստան, ու մի կարճ ժամանակ անց արցախցի եզրույթն անգամ չէր հնչելու։ Նախատեսված էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի Բաքվում գերության մեջ, Արցախը չունենա նոր ընտրված իշխանություն, և դրանով կփակվեր Արցախի հարցը։ ՀՀ իշխանության ղեկավարի այս պլանը ձախողվեց, թերևս, միայն Արցախի՝ ղեկավար ունենալու պարագայում»,- ասել է Հակոբյանը՝ ընդգծելով, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ այս պլանն է նաև պատճառը, որ ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ, իսկ Բաքվում նրանց հետ շատ վատ են վարվում։

«Իրենց ընտանիքի անդամների հետ շաբաթական մեկ անգամ են կարողանում խոսել, այն էլ՝ ստանդարտ մի քանի նախադասությունով։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է արվում նրանց վերադարձնելու ուղղությամբ. մեր տեղեկություները խիստ մտահոգիչ են։ Որևէ բան չի արվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար, որովհետև եթե նրանք գան Հայաստան, ամեն մի արցախցի համախմբվելու է նրանց շուրջ, ուստի Արցախի հարցը վերջնականապես փակելու համար Արցախի ղեկավարությունը պետք է մնա Բաքվի բանտում»,- ասել է Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը կխորացնի՞ Արցախի ղեկավարության հետ հարաբերությունների սրումն այն աստիճան, որ որոշում կայացվի նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ձերբակալելու մասին, Մետաքսե Հակոբյանը պատասխանել է.

«Այո՛, ինչո՞ւ ոչ. Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Մարդ, որը չունի կարմիր գծեր և սահմաններ, ինչո՞ւ պետք է Արցախի նախագահին հասնելիս կարմիր գծեր ունենա: Նայած, թե իր սցենարն ինչպիսին է և որ փուլում ինչ պետք է տեղի ունենա»։