Լրահոս
Քաղաքական
13:42
19.06.24
99

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է նոր ագրեսիա պատրաստելու համար

Հայաստանի արտգործնախարարությունը կարծում է, թե «Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Արտգործնախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:

Այս հայտարարությամբ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի արձագանքից հետո: «Պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»,- կարդում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: