Լրահոս
Էքսկլյուզիվ
22:15
25.03.23
283

Հիասթափված եմ ԵՄ-ից, բայց շարունակում ենք օրակարգում պահել հարցը. Փիթեր Վան Դալեն

Img default alt hy

«5-րդ ալիք»-ի էքսկլյուզիվ հարցազրույցը եվրախորհրդարանական, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի համահիմնադիր Փիթեր Վան Դալենի հետ։

-Պարոն Վան Դալեն դուք ԵԽ-Արցախ բարեկամության խմբի համահիմնադիրն եք։ Ինչո՞ւ էր Ձեզ համար կարևոր նման նախաձեռնություն ցուցաբերելը։

-Մեր հիմնական նպատակն էր այստեղ՝ Եվրախորհրդարանում, օրակարգ մտցնել Արցախի և տարածաշրջանի հարցը, քանի որ այն անտեսված էր, բոլորը զբաղված էին այլ հարցերով, նույնպես շատ կարևոր՝ Ուկրաինայի պատերազմն ու համաճարակը։ Բայց, Արցախը մոռացության էր մատնվել, և այդ պատճառով որոշ գործընկերների հետ որոշեցինք ստեղծել այս բարեկամական խումբը, որպեսզի քաղաքական օրակարգում լինեն Արցախի և առհասարակ հայ ժողովրդի հետ կապված հարցերը։

-Ո՞րն է այս բարեկամական խմբի հիմնական առաքելությունը։

-Մեր հիմնական առաքելությունն է բարեկամություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հայերին և համոզվել, որ Հայաստանի վիճակը ընդհանրապես հայտնի է, և մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, որտեղ եւ ինչպես հնարավոր է, և առաջ քաշել հարցեր՝ գրավոր կամ նույնիսկ բանավեճեր։ Որպեսզի գործադիր մարմնում կենտրոնանան Հայաստանի համար ստեղծված ծանր իրավիճակի վրա, և համոզվենք, որ հնարավորինս ամեն ինչ արվում է աջակցելու համար։

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվել մինչ այսօր։

-Դե, մինչև վերջերս մենք նամակով դիմել էինք Եվրահանձնաժողովին Լաչինի միջանցքի արգելափակման և Ադրբեջանի կողմից շրջափակման հարցով։ Մենք խնդրեցինք Բորելից համոզվել, որ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է այս գործում և անում է հնարավոր ամեն ինչ՝ դադարեցնելու այս սարսափելի շրջափակումը: Դա այն է, ինչ մենք արեցինք տարբեր քաղաքական խմբերից մոտ ութ այլ գործընկերների հետ: Միասին մենք նաև փոփոխություններ կատարեցինք Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին զեկույցներում, որոնք նախորդ շաբաթ քննարկվեցին և ընդունվեցին լիագումար նիստում։ Հնարավորության դեպքում քայլեր ենք ձեռնարկում նամակներով, գրավոր հարցերով, ուղղումներով՝ աջակցելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։

-Նշեցիք, որ Բորելին և առհասարակ եվրահանձնաժողովին հարցում եք ուղարկել և պատասխաններ եք ակնկալում։ Այս համատեքստում Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմամբ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ ԵՄ քաղաքականությունը։

-Հիասթափված եմ, որ ԵՄ-ն բավականաչափ չի անում ինչ կարող է. ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում ամենատարբեր հարցերի վրա, բայց բավարար ուշադիր չէ այս շրջափակման հարցում, և գիտե՞ք ինչ արդյունք է դա տալիս՝ Արցախում դեղորայք չկա, սննդամթերքը քիչ է, բժշկական օգնութունը գրեթե անհնար։ Շրջափակման պատճառով անհնար է անցնել այս շրջափակված միջանցքով, և ես կցանկանայի տեսնել պարոն Բորելին և տիկին ֆոն դեր Լեյենին ամենայն լրջությամբ կենտրոնացած այդ հարցի վրա և որ ի վերջո Ադրբեջանին ասեն « հիմա կանգ առեք և թողեք մարդկանց ազատ և ապահով անցում ունենան»։ Այսպիսով, այո, ես հիասթափված եմ Եվրոպական միությունից, բայց մենք շարունակում ենք օրակարգում պահել հարցը:

-Ինչպե՞ս եք բացատրում նրանց փուչ կարեկցանքի հայտարարություններն ու մտահոգությունները։

-Գիտեք, այս աշխարհում շատ բաներ կապված են փողի և էներգիայի հետ: Սրանք շատ կարևոր խնդիրներ են մեր օրերում։ Եվ, տիկին ֆոն դեր Լեյենը, ցավոք, անցյալ տարի հիմարորեն որոշեց գործարք կնքել Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանից Եվրամիություն գազ արտահանելու համար: Դա հիմար քայլ էր: Որովհետև դա դրդեց Ադրբեջանի նախագահին ավելի համարձակ քայլերի գնալ, քանի որ կարծում է, որ ունի Եվրամիության աջակցությունը, իր գազի համար փող է ստանում Եվրամիությունից։ Ադրբեջանն այս պայմանագրից ոգևորված շրջափակեց Լաչինի միջանցքը։ Նաև ավելի ու ավելի է առաջ մղում իր զորքերին։ Ես դա տեսել եմ իմ աչքերով։ Մոտ երեք ամիս առաջ Հայաստանում էի։ Ես գտնվում էի հարավում՝ Գորիս քաղաքում, և այնտեղ խոսեցինք քաղաքապետի հետ։ Գնացինք Գորիսից դուրս գտնվող բլուրները։ Ես տեսել եմ Գորիսի տների վրա ընկած ավերիչ նռնակներն ու հրթիռները։ Այնպես որ, գազային այս գործարքը Ադրբեջանի նախագահն օգտագործում է որպեսզի առաջ մղվի: Հետևաբար շատ առումներով սա շատ հիմար քայլ էր:

-Վերջերս Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Փիթեր Ստայոնի հետ հարցազրույց ունեի և իմ այն հարցին, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հուսալի գործընկռր անվանել, երբ խոսքը գնում է բռնատիրության մասին, երբ մարդու իրավունքները, ժողովրդավրությունն ու օրենքի գերակայությունը բացակայում են այս երկրում։ Պարոն Ստանոյի պատասխանը հետևյալն էր, ԵՄ-ն այսօր գազամատակարարման այլընտրանքի կարիք ունի։ Ո՞րն է ձեր արձագանքն այս մոտեցմանը։ Փաստորեն, եվրոպական արժեքները զոհ դարձան այլընտրանքին։

-Այս մարդը հիմարություններ է խոսում, որովհետև ադրբեջանական գազի սակավ մատակարարումը կազմում է ամբողջ Եվրամիության կարիքի ընդամենը 1-5%-ը։ Եվ մենք կարող ենք գտնել այն շատ այլ վայրերում: Ինչպես օրինակ Նորվեգիայում։ Ես հանդիպում եմ ունեցել Նորվեգիայի դեսպանի հետ, և նա ինձ ասաց. Այո, նրանք կարող են ավելի ու ավելի շատ գազ տալ: Ուստի ես կցանկանայի գնալ Նորվեգիա՝ Ադրբեջան գնալու փոխարեն։ Ավելին, խոսքը շատ փոքր չափաբաժնի մասին է, որը տալիս են մեզ, և ժամանակի ընթացքում դա ավելի ու ավելի է լինելու, մոտ հինգ տարի է պետք, որ հասցնեն մոտ 8 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել, ինչը ոչինչ է։ Դրա համար էլ Ադրբեջանի գազը մեզ պետք չէ։ Մենք կարող ենք գտնել այն այլ տեղ: Ինձ համար կարևոր է, երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, հետևենք մարդու իրավունքների քաղաքականությանը, ինչը նշանակում է, որ դադարենք բիզնես վարել բռնապետերի հետ և նրանց գումար չտալ ակնթարթային էներգիայի համար: Այնպես որ, կներեք ես այս մարդուն երբեք չեմ տեսել, հետը չեմ խոսել, բայց ասեմ, որ սա անհեթեթություն է։

-Որպես Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր՝ ինչպե՞ս եք տեսնում այս բազմաշերտ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն իրականում ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդկանց իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։

-Դե, ինչ տեսել եմ, երեք ամիս առաջ Հայաստանի հարավում մտածելու տեղիք է տալիս։ Ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում և հեռանում են, քանի որ պետք է կռվեն Ուկրաինայում։ Այնպես որ, ռուսները ոչինչ չեն անում եւ պարզապես բացե ի թող վիճակ է։ Այսպիսով, առաջինն այն է, որ ԵՄ-ն այժմ սկսել է քաղաքացիական առաքելություն տարածաշրջանում, որպեսզի փորձի ավելի մեծ ազդեցություն ունենալ: Կարծում եմ, որ դա լավ քայլ է: Բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի, որ այնտեղ գտնվող ԵՄ մարդիկ նույնպես զենք ունենան գոնե պաշտպանվելու համար, քանի որ ժամանակ առ ժամանակ, ինչպես ասացի, հրթիռներ են արձակվում Գորիսի նման քաղաքների վրա։ Դրա համար այդ մարդկանց պետք է զինել, և Եվրոպան պետք է ազատի Լաչինի այս միջանցքը: Պետք է դադարեցնել այս, այսպես կոչված, էկոլոգիայի մասին բոյկոտը։ Ես երբեք չեմ լսել իրական խոսակցություն էկոլոգիայի մասին, բայց հիմա ամեն ինչ էկոլոգիայի մասին է, ուստի լրիվ անհեթեթություն, որին պետք է վայրկյան առաջ վերջ դրվի: Սրանք այն երեք խնդիրներն են, որոնք պետք է լուծի ԵՄ-ն: Համոզվենք, որ ունենք ուժեղ առաքելություն: Նրանք սկսել են քաղաքացիական առաքելությունից, բայց մեզ պետք է ավելի ուժեղ առաքելություն՝ ավելի ուժեղ մանդատով։ Առաքելության մարդիկ պետք է գոնե ունենան իրենց կողային թևերը, և նորից եմ կրկնում Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ դադարեցվի։

-Ինչպիսի՞ լուծում եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Այլ կերպ ասած՝ ձեզ համար որ հանգուցալուծումը կլինի արդար։

-Դե, ինչպես ասացի, նախ ԵՄ առաքելությունը պետք է ուժեղ մանդատ ունենա՝ սեփական զենքով և դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը։ Բայց նաև կարծում եմ, որ մենք պետք է դադարեցնենք գազային գործարքը, քանի դեռ գազային գործարքը կա Ադրբեջանի նախագահը կարծում է. «Օհ, ԵՄ-ն աջակցում է ինձ: Նույնիսկ գազիս փող են տալիս», սա էլ նրա դիրքերը չափազանց ուժեղ է դարձնում։ Պետք է վերջ տալ, բայց ես ռեալիստ եմ՝ վախենում եմ, որ դա տեղի չի ունենա: Գազային գործարքը կանգ չի առնելու, ուստի մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում օգնենք ժողովրդին։ Եվ դա պետք է լինի ԵՄ առաքելությունը՝ աջակցել ճնշված ժողովրդին..

-Որպես մարդու իրավունքների պաշտպան ընդհանրապես, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Արցախի ժողովրդի մարդու և այլ իրավունքների պաշտպանության և պաշտպանման ժամանակ:

-Դե, ես ընդհանուր առմամբ տեսնում եմ, որ ԵՄ-ն երկու երես ունի. ԵՄ-ն ունի փողի, առևտրի և բիզնես վարելու երես, և ԵՄ-ն խոսում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները և կրոնական ազատությունները, որոնք շատ կարևոր են, բայց միևնույն ժամանակ նաև վաճառականն է: Իսկ 100 դեպքից 99-ի ընթացքում շահում է վաճառականը։ Եվ ԵՄ-ն գերակշռում է ի շահ բիզնեսի, փողի և առևտրի լուծումները և դա է իրական խնդիրը: Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք պետք է պաշտպանենք մարդու իրավունքները և չվերադառնանք սովորական բիզնեսով զբաղվելուն։ Եվ դա մեծ փոխակերպումն է: Անհրաժեշտ է մարդու իրավունքները պաշտպանելու, ոչ թե պարզապես խոսել դրանց մասին ռւ սա պետք է լինի ամենակարևոր առաքելությունը։

-Դուք ևս բազմաթիվ բանաձևերի հեղինակ ու համահեղինակ եք, որոնք վերաբերում են Հայաստանին, Արցախին, Արցախում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանը։ Ինչո՞ւ են այս բանաձևերը կարևոր, ի՞նչ կարող են փոխել։

-Կարծում եմ՝ բանաձևերը կարևոր են։ Առաջին հերթին, որ Հայաստանում մարդիկ իմանան, որ մոռացված չեն։ Իմացեք, որ ընկերները կան Եվրախորհրդարանում, որոնք շարունակելու են ճնշում գործադրել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության վրա՝ տեր կանգնելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Եվ կարծում եմ, որ մեր աշխատանքը բավականին արագ արդյունք տվեց, պետք է ասեմ, որ անցյալ հոկտեմբերին ԵՄ-ն սկսեց այս մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում և այժմ երկարաձգել է առաքելությունը ևս երկու տարով հենց մեր ճնշումների արդյունքում։ Կարծում եմ, որ դուք երբեք հստակ չգիտեք, իհարկե, բայց մեր դրդումներն առաջ գնալու համար, որոշակի ազդեցություն կունենան, քանի որ Ալիևը գիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ընկերներ ունեն Եվրախորհրդարանում:

Հարցազրույցը՝ Լիլիթ Գասպարյանի