Լրահոս
Աշխարհ
23:30
28.05.24
159

Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Img default alt hy

Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին Նորվեգիայի որոշումը ուժի մեջ է մտել, այդ մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«30 և ավելի տարի շարունակ Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ստեղծման ամենաեռանդուն կողմնակիցներից մեկը։ Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն,  կարևոր իրադարձություն է տեղի ունենում Նորվեգիայի և Պաղեստինի հարաբերություններում»,- նշված է հայտարարությունում։

Իսպանիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես պետություն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Այսօր Նախարարների խորհրդի նիստում մենք որոշեցինք ճանաչել Պաղեստին պետությունը»,- ասել է նա:

Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխաուլ Մարտինը նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո նույնպես հայտարարել է Պաղեստին պետության ճանաչման մասին։

«Կառավարության այսօրվա որոշումը թույլ է տալիս լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Պաղեստին պետության հետ»,- ասել է նա։

Նշենք, որ այս երկրների կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու որոշման մասին հայտարարելուց հետո    Իսրայելի ԱԳ նախարարը   իր հերթին հայտարարել էր Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դեսպանները կանչվել էին հրեական պետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանց դեմարշ էին հայտարարել։

Այս պահի դրությամբ ՄԱԿ-ի 193 երկրներից ավելի քան 140-ը ճանաչում են Պաղեստինի պետականությունը։