Լրահոս
Միջազգային
12:57
19.04.24
123

Իսրայելն ԱԹՍ-ներով փորձել է հարվածել Իրանին

Լուսադեմին Իսրայելը ԱԹՍ-ներով փորձել է հարվածել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքին: Այս մասին իրանական լրատվամիջոցներն են հայտնում: Նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր են երևացել Սպահանի և Թավրիզի երկնքում: Դրանից հետո Իրանի այդ քաղաքներում ակտիվացել են ՀՕՊ համակարգերը, խոցվել են բոլոր ԱԹՍ-ները, միայն Սպահանի երկնքում երեք ԱԹՍ է խոցվել, ըստ իրանական կողմի։ Իրանական «Մեհր» գործակալությունը գրում է, որ Իրանի վրա հրթիռային հարձակումներ չեն եղել։ ԱԹՍ-ներով հարձակումից մի քանի ժամ անց ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Վաշինգտոնը չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ փորձում են գնահատել հասցված հարվածի արդյունավետությունը: Ի դեպ, Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին վստահեցրել է, որ իսրայելական հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել: Նա կողմերին կոչ է արել չթիրախավորել միջուկային օբյեկտները: