Լրահոս
Քաղաքական
15:20
21.06.24
212

Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն

Img default alt hy

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է իր երկրում Հայաստանի դեսպանին։ Այս մասին տեղեկացվել է հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ռուսալեզու թելեգրամ-ալիքում։

Հայտարարությունում նշվել է, որ Երևանի դիվանագիտական ներկայացուցչին հրավիրել են «խիստ նկատողություն հայտնելու համար»։ Պատճառը Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու Հայաստանի որոշումն է։

Հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանրապետության իշխանությունները որոշել են ճանաչել Պաղեստինի պետությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ Երևանն այդ կերպ հաստատել է հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին։

Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՀՀ ղեկավարությունը միշտ հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման օգտին։ Երևանը կողմ է այն դիրքորոշմանը, ըստ որի երկու պետության ստեղծումը իսրայելցիներին և պաղեստինցիներին իրենց օրինական ձգտումներն իրականացնելու հնարավորություն տրամադրելու միակ միջոցն է։