Լրահոս
Քաղաքական
21:25
01.06.22
218

Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Դիմադրություն» շարժումն այսօր հանդիպել է երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը, որի շուրջ նրանք հայտնել են իրենց դիրքորոշումը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրել է, որ կային քաղաքական ուժեր, որոնց իրենք դիմել էին, սակայն որոնք տարբեր պատճառներով ներկա չեն եղել հանդիպմանը։ Մինչև երեկո կամփոփեն խորհրդակցությունների առաջին փուլը և կհրապարակեն այն կուսակցությունների ցանկը, որոնք կողմ են արտահայտվել Արցախի հարցում «Դիմադրություն» շարժման հրապարակած սկզբունքներին և դիրքորոշումներին։

«Այս պահին կարող եմ ասել, որ ներկա գրեթե բոլոր ուժերը այդ տրամադրության մեջ էին (նկատի ունի կողմ էին-խմբ․)»,- ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա քննարկման օրակարգում եղել է միայն այդ հարցը։

Լրագրողների հարցին, թե այսօրվա հանդիպմանը արդյոք կային ուժեր, որոնք մաս են կազմել Հայրենիքի փրկության շարժմանը, քանի որ դրանցից շատերն այսօր չեն մասնակցում «Դիմադրություն» շարժման պայքարին, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այդ ուժերից շատերը ներկա են եղել այսօրվա հանդիպմանը։

«Կամփոփենք և վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ կան կուսակցությունները, որոնք ծանոթանալով հայտարարության տեքստին, ժամանակ են խնդրել, որպեսզի վարչության նիստ հրավիրեն, քննարկեն և հետո միայն դիրքորոշում հայտնեն, թեև ներկա ուժերից որևէ մեկը առնվազն դեմ չի արտահայտվել։

Հարցին, թե ինչ սկզբունքներով են հրավիրել արտախորհրդարանական ուժերին, Իշխան Սաղաթելյանն ասել է, որ բացառությամբ մի քանի ուժերի, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասարկու են դարձել, հրավիրել են բոլորին։