Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:05
14.06.24
89

Մոսկվայում «հայ ժողովրդի ողջախոհության հաղթանակի» հույս ունեն

Մոսկվայից տարբեր խողովակներով արձագանքում են Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին: «Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարը։

Նրա խոսքով, որոշումը կայացնելու է Հայաստանի ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով: «Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ»,- հայտարարել է Անդրեյ Կարտապոլովը։

«Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում էլ ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա հորդորել է ինքնախաբեությամբ չզբաղվել: «Հայ և ռուս ժողովուրդների մեկդարյա բարեկամությունը դարձել է Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների աչքի փուշը: Նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում: Ոչ-ոք մտադիր չէ բացել «էլիտայի ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ»,- ասել է Մեդվեդևը ու նշել, որ առաջիկայում նման ապագա չի սպասվում նաև Ուկրաինային: