Լրահոս

2022-11-22
  • Img default alt hy
    Սպորտ
    Մունդիալ-2022. Արգենտինայի հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում
    Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության C խմբի առաջին տուրում Արգենտինան մրցեց Սաուդյան Արաբիայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսիլ» մարզադաշտում կայացած խաղում արգենտինացիներն ակնհայտ առավելություն ունեին և խաղի 10-րդ րոպեին ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Այն անվրեպ իրացրեց թիմի ավագ Լիոնել Մեսին: Հաջորդիվ Արգենտինայի ընտրանին երեք անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն բոլոր դեպքերում էլ մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց: Սաուդյան Արաբիան հիմնականում գործում էր պաշտպանությունում, իսկ արգենտինացիները հաջորդաբար չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Թիմերն ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկին Սաուդյան Արաբիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Սալե Ալ Շեհրին: Արաբները չբավարավեցին ձեռք բերածով և շատ արագ խփեցին երկրորդ գնդակը ևս: Հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Սալեմ Ալ Դավսարը: Բաց թողած գնդակներից հետո արգենտինացիներն ամբողջ ներուժով նետվեցին առաջ կորցրածը հետ բերելու համար, սակայն բեկել հանդիպման ընթացքը նրանց չհաջողվեց: Արգենտինա-Սաուդյան Արաբիա՝ 1:2: Խմբի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն Լեհաստանի ու Մեքսիկայի հավաքականները: Երկրորդ տուրում Արգենտինան կխաղա Մեքսիկայի, իսկ Լեհաստանը՝ Սաուդյան Արաբիայի հետ (հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին):
    18:00
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
    Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե, իբր, ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
    17:59
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց ցեղասպանության օրակարգից հրաժարվելու «օրակարգը». «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման և այդ սարսափելի հանցագործության հետևանքների վերացման հարցը մեր պետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունն է եղել։ Իսկ մինչ այդ Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման և դատապարտման թեման գտնվում էր գլխավորապես Սփյուռքի գործունեության տիրույթում։ Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ խորհրդային Հայաստանում այդ թեման եղել է օրակարգայիններից մեկը, այնքանով, որքանով դա հնարավոր էր ԽՍՀՄ կազմում: Եվ տարիներ շարունակ Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ջանքերի արդյունքում բազմաթիվ միջազգային կառույցներ, կազմակերպություններ և պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ճիշտ է՝ ճանաչման գործընթացը շարունակվեց, և հիմա ևս շարունակվում է, բայց մասնավորապես 2018 թվականից սկսած Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծի մեջ որոշակի փոփոխություններ են նկատվում։ Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործող իշխանությունները իրենց կառավարման 4 տարվա ընթացքում Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման թեման իրենց կողմից նախանշվող արտաքին քաղաքականության համատեքստում որոշակիորեն անուշադրության են մատնել։ Այս ուղղությամբ նրանց կողմից հատուկ ջանքեր նկատելի չեն։ Բայց կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մի շարք առանցքային պետություններ վերջին տարիներին ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Օրինակ՝ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևեր ընդունեցին, իսկ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ընդունեց» Հայոց ցեղասպանությունը։ Կամ 2020 թվականի փետրվարին մահմեդական բնակչություն ունեցող Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը կամ Սիրիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճանաչող և դատապարտող բանաձևեր ընդունեցին մի կողմից Սփյուռքի համառ ջանքերի, իսկ մյուս կողմից էլ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայությամբ պայմանավորված, քանի որ թուրք-ամերիկյան և թուրքսիրիական հարաբերություններում առանձնակի լարվածություն էր նկատվում։ Ըստ այդմ, կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ինչո՞վ էին զբաղված ՀՀ իշխանությունները։ Նրանք ընդամենը դիտորդի դերում էին, որ հետո իրենց աշխատանքին վերագրեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ առանցքային բանաձևերը։ Օրինակ՝ եթե ՀՀ իշխանություններն իրոք մեծ աշխատանք տարած լինեին այս ուղղությամբ, ապա անցյալ տարի խորհրդարանում հնչած հարցին ի պատասխան Փաշինյանը ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունն ընդամենը չէր կապի Հայաստանի ժողովրդավար երկիր լինելու հանգամանքի հետ։ Իսկ այս տարվա հունվարին Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե ՀՀ-ն երբեք հայ դատի քաղաքականություն չի վարել, և Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։ Այսպիսի հայտարարությամբ նա կարծես թե խոստովանում է, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը երբեք էլ առաջնահերթություն չի եղել իր իշխանության համար, և այն թողնվել է ամբողջությամբ Սփյուռքի ուսերին։ Դրա համար էլ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում անորոշ ձևակերպման միջոցով իշխանությունները հարցին ընդհանրական տեսք են տվել՝ կոնկրետ չնշելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի մասին։ Ծրագրում ընդամենն անորոշ ձևով ընդգծվում է, թե Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։ Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը միշտ էլ խուսափել է Ցեղասպանության թեմայով օրակարգի ձևավորումից, իսկ հիմա արդեն դրված է այդ հարցն ընդհանրապես Հայաստանի օրակարգից դուրս բերելու և չարծարծելու խնդիրը։ Այլապես ինչո՞ւ էր լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանը երկար-բարակ խոսում Անկախության հռչակագիրը վերանայելու անհրաժեշտության մասին, որն իր մեջ նաև Սահմանադրությունը փոխելու ակնարկ էր պարունակում։ Դա պատահական լինել չի կարող, քանի որ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որում նշված է նաև Ցեղասպանության հարցով պատմական արդարությունը վերականգնելու պահը։ Պատահական չեն խոսակցությունները, որ թուրքերը Հայոց ցեղասպանության հարցից ու պահանջատիրությունից հրաժարվելու նախապայման են դրել Փաշինյանի առաջ, իսկ նա արդեն թուրքական պահանջները բավարարելու համար սկսել է թեման եփել։ Պատահական չէ նաև, որ իր ելույթներից մեկում նույնիսկ Ալիևն էր հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ-ն պիտի Սահմանադրություն փոխի։ Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություն շրջանառել, թե Էրդողանը Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից։ Իսկ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, թե Պրահայի հանդիպման ժամանակ իր և Էրդողանի խոսույթները անհամատեղելի չէին։ Այլ կերպ ասած՝ նրա և Թուրքիայի նախագահի տեսակետները համընկել են: Խոսուն ձևակերպում է, այնպես չէ՞...
    17:50
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել Էրդողանին վիրավորող նկարների համար
    Թուրքիայում Շվեդիայի դեսպան Ստեֆֆան Հերրստրոմը կանչվել է արտգործնախարարություն: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, մի քանի օր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիա է իրականացվել, որի ընթացքում, թուրքական կողմի համաձայն, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն է արվել: Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող լուսանկարներ են հրապարակվել: Թուրքական կողմը Շվեդիայից պահանջել է հետաքննել տեղի ունեցածը: Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն հանել էր այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ սկանդինավյան երկրները Անկարային են արտահանձնելու վերջինիս կողմից պահանջվող մարդկանց։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և FETO-ի ՝ գյուլենական շարժման ներկայացուցիչներին։
    17:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՄԻՊ-ը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի շարք մտահոգություններ է արտահայտել
    Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է Սահմանադրության 162-րդ հոդվածի փոփոխության նախագծի վերաբերյալ կարծիք՝ արտահայտելով մի շարք մտահոգություններ։ «2022թ. հոկտեմբեր ամսից Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նախաձեռնել էր Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություն կատարելու գործընթաց, որի ընթացքում ձևավորված նախագիծը ներկայացվել էր Արցախի Հանրապետության Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, որպիսի որոշումը վերջնական է և հրապարակման պահից մտել է ուժի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանը, զերծ մնալով Գերագույն դատարանի որոշման և Նախագծի սահմանադրականության վերաբերյալ որևէ դիրքորոշում կամ գնահատական տալուց, անհրաժեշտ է համարում արտահայտել մի շարք մտահոգություններ, որոնք հիմնված են հանրային արձագանքի, հարցի շուրջ կազմակերպված մի շարք քննարկումների ընթացքում հնչած մասնագիտական կարծիքների վրա, հաշվի է առնվել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, հանրություն-հանրային իշխանության մարմիներ փոխհարաբերությունների բովանդակային ու բնութագրական առանձնահատկությունները: Ներկայացված մտահոգությունները հիմք են տալիս պնդելու, որ նախաձեռնության իրացումը կարող է որոշակի վտանգներ ծնել ու բացասական ազդեցություն ունենալ իրավունքի գերակայության, իրավական, ժողովրդավարական և ժողովրդաիշխանական հռչակված Արցախի պետականության վրա»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գնահատականում։
    17:33
    22.11.22
    Ավելին
  • Հասարակական
    «Սա խայտառակություն ա». Երևանի ավագանու անդամը միացել է հեծանվահրապարակի ցուցարարներին
    Զուգահեռ ընթացող ավագանու նիստում այս հարցը բարձրացրել է «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Պատահածը խայտառակություն անվանելով՝ նա դուրս է եկել և միացել ցուցարարներին:
    17:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմում որդի կորցրած Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել․ ԱՆ
    44-օրյա պատերազմում որդի կորցրած մեր գործընկեր Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ «Վանի պատմությունը առողջապահության նախարարության մեկնաբանությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ, որին կից տեսանյութ է հրապարակվել:
    17:22
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրազեկում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման պահանջների վերաբերյալ
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 𝟏𝟓․𝟎𝟐․𝟐𝟎𝟎𝟕թ․ թիվ 𝟑𝟒𝟓-Ն որոշման 𝟏.𝟏 հավելվածի տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգում պետք է իրականացնեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տիրապետող, կազմակերպությունում սահմանված կարգով անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած և աշխատանքի անվտանգ ձևերին տիրապետած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչները։ Նշված պայմանը տեխնիկական արատորոշման(անսարքության տեղի որոշում) միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների տեխնոլոգիային ներկայացվող պահանջներից է։ Ուստի՝ Տեսչական մարմնի կողմից տեխնիկական զննության կայաններում ստուգումների և վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում համապատասխան հրահանգավորում չունեցող հսկիչների կողմից իրականացվող տեխնիկական զննման աշխատանքները դիտարկվելու են որպես առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու հիմքով խախտում, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 𝟏𝟐𝟑․𝟒/𝟑 մասով ենթակա է վարչական պատասխանատվության միջոցի կիրառման։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ապահովել Ձեր մասնագետի մասնակցությունը վերը նշված դասընթացներին։
    17:15
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածին քաղաքում 12 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի շրջանցման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 23-ին ժամը 11.00-23.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Զվարթնոց թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    17:07
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանում Սերգեյ Լավրովին դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
    17:03
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Սիրիայի հետ պետք է համագործակցել». թուրք գեներալ
    Թուրքիայի ԶՈւ պահեստազորի գեներալ Ահմեթ Յավուզն անդրադարձել է թուրք-սիրիական սահմանային հատվածներում տեղի ունեցող լոկալ ռազմական գործողություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Յավուզի՝ Սիրիայի սահմանին Թուրքիայի համար ռիսկերը մեծանում են, և Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում տեղակայված քրդական ուժերին ավիահարվածներ հասցնելը չի կարող լուծել խնդիրը: «Այս ժամանակավոր կառույցը կշարունակի ռիսկային լինել, եթե սիրիական պետությունը չուժեղացնեն ու այդ շրջանների տերը չդարձնեն: Եթե ճնշեք էլ, (նկատի ունի Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորումներին-խմբ.) կրկին գլուխ են բարձրացնելու: Քանի որ այնտեղ պետության իշխանությունը չճանաչող մի շարք խմբավորումներ կան՝ PYD/YPG (քրդական-խմբ.) ÖSO (Անկարայի հովանավորյալ «Սիրիայի ազատ բանակ»), HTŞ (Իրանի կողմից հովանավորվող շիական զինված խմբավորում): Քանի դեռ այդ խմբավորումներն այնտեղ են, Թուրքիայի անվտանգային կարիքներն անգամներով աճելու են»,- ասել է Յավուզը: Թուրք գեներալը մեկնաբանել է նաև նախագահ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական բանակի օդային գործողությունների հետևելու են նաև ցամաքային գործողությունները: Ըստ Յավուզի՝ հնարավոր է՝ իսկապես այս պահին գետնի վրա այդպիսի կարիք կա, սակայն դա ժամանակովոր ազդեցություն ունեցող քայլ է և ռազմավարական առումով անարդյունք: Կրկին շեշտելով, որ անհրաժեշտ է հզորացնել սիրիական պետությունը՝ թուրք գեներալը այնուամենայնիվ խոսել է հօգուտ թուրքական զորքի Սիրիայում մնալու օգտին, ինչը, սակայն, պետք է ամրագրված լինի Սիրիայի հետ պայմանագրով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ից Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ։ Նոյեմբերի 20-ին ու 21-ին էլ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին համապատասխանաբար հարավային Քիլիս շրջանի ու Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանի ուղղությամբ քրդական խմբավորումների կողմից հրթիռներ արձակվելու մասին: Քարաքամըշում հրթիռակոծման հետևանքով հաղորդվել է 3 քաղաքացիականի զոհվելու մասին: Նույն օրը երեկոյան էլ քրդական կազմավորումները (թուրքական կողմի պնդմամբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-PKK-ՔԲԿ կամ Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG/ԺԻՈւ) նռնականետերի օգտագործմամբ հարվածել էին սահմանային Քիլիս քաղաքի ոստիկանության հատուկջոկատայինների տեղակայման վայրին:
    17:00
    22.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Հեծանվահրապարակի բողոքի ակցիան. պահանջում են վերականգնել իրենց ֆինանսավորումը
    Այսօր քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա է կազմակերպել Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը՝ պահանջելով վերականգնել իրենց ֆինանսավորումը: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց ֆինանասավորմանը խոչընդոտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ օգտագործելով պետական լծակները:
    16:52
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրապարակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության այս տարվա պաշտոնական սաունդթրեքը
    Հրապարակվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության այս տարվա պաշտոնական սաունդթրեքը
    16:45
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի քաղաքացիների ուղղությամբ
    Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:
    16:40
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ տրամադրություններ են դատախազությունում․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ - կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։ Կատակը՝ կատակ, բայց, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում դատախազությունում որոշակի նեղվածություն կա այս հանգամանքի հետ կապված։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է, որ Վարդապետյանի նշանակումից հետո բավական բարդ մթնոլորտ է դատախազության մարզային կառույցներում, քանի որ լուրջ գործընթացներ են սկսվել կառույցի այդ «սեգմենտի» ուղղությամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում մարզային դատախազների փոփոխությունների ալիք է սպասվում։ Արդեն մեկ մարզային դատախազի փոփոխություն տեղի ունեցել է։ Դատախազությունում ասում են՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:
    16:37
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին ողջ մնացած դերասանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ամերիկացի դերասան Միկի Կունը, որը նկարահանվել է «Քամուց քշվածները» (1939) ֆիլմում, մահացել է 90 տարեկան հասակում։ The Hollywood Reporter-ին հայտնել է նրա կինը՝ Բարբարան։ Նրա խոսքով՝ դերասանը մահացել է կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի հոսպիսում։ Ըստ մի շարք լրատվամիջոցների, Կունը եղել է «Քամուց քշվածներ» ֆիլմի վերջին ողջ մնացած դերասանը: Այս ֆիլմում նա մանուկ հասակում նկարահանվել է Էշլի Ուիլքսի և Մելանի Համիլթոնի որդու դերում, որոնց մարմնավորում են համապատասխանաբար Լեսլի Հովարդը և Օլիվիա դե Հևիլենդը։ Բացի «Քամուց քշվածներ»-ից, Կունը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հուարեսը» (1939), «Դիկ Թրեյսին»(1945) և «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946): 1950-ականների վերջին դերասանական կարիերան ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել «American Airlines»-ում, որտեղ աշխատել է ավելի քան երեք տասնամյակ:
    16:30
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 74,1 հա տարածքում բռնկված հրդեհները
    Նոյեմբերի 19-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 6000 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 5 հա, Այգուտ գյուղում՝ 12 հա, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 2 հա, Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 30,4 հա, Գուգարք գյուղում՝ 1 հա, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ 2100 քմ, Սարալանջ գյուղում՝ 6 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 4,8 հա, Գորիս քաղաքում՝ 800 քմ, Վերին Խոտանան գյուղում՝ 5 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 7 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 74,1 հա։
    16:22
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված նպատակը. Թադևոս Ավետիսյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է. Կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլով․ 1․ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝ ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնողները, բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզի-դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով, գ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր, փայատեր, անդամ, դ. ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում, ե. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, զ. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են եկամտային հարկի վերադարձման համակարգից, է. ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից։ 2․ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝ ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ քաղաքացիները, բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ ՀՀ քաղաքացիները։ 3․ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները: Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է հետևյալ ամփոփ հիմնավորումներով․ 1․ Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաև իր տարեկան հայտարարագրում։ 2․ Անօրինական եկամուտների հայտնաբերումը և օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության և վերահսկողության ներքո։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը։ 3․ Նախագծով նախատեսված է, որ հարկային մարմինն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից։ Այսինքն՝ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով։ Հետևաբար՝ նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձևով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն և անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար։ Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական և օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես՝ տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ և այլն։ 4․ Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ»՝ անիմաստ և ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար։ 5․ Որպես հայտարարագրման խթանիչ կարգավորում նախագծով առաջարկվում է, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են կառավարության սահմանած կարգով։ Սոցիալական ծախսեր են համարվելու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ օրենքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ի դեպ, սոցիալական ծախսերի վերադարձից չեն կարողանալու օգտվել այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել, ինչպես նաև հիպոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք: Այս կարգավորումը խնդրահարույց է սահմանադրական կարգավորումների տեսանկյունից, ըստ որի՝ քաղաքացիների իրավունքներ և պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով։ Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները։ Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն և կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ։ 6․ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում հեղինակներն ակնկալում են ունենալ եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը ևս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձնավորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված՝ անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաև իր եկամուտների տարեկան հայտարարագրում։ Այսպիսով, քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման թաքնված և հիմնական նպատակը դառնում է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից դրամական փոխանցումներ ստացող քաղաքացիների այդ եկամուտների ամբողջական հաշվառումն ու հարկումը։ Մնացած՝ հայտարարվող նպատակադրումներն առավելապես ականջահաճո, կեղծ փաթեթավորումներ են, որոնք գործնականում որևէ էական խնդիր չեն լուծելու՝ ի սկզբանե դրված նպատակի առումով։
    16:18
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը մտադիր Է իր ռազմածովային ուժերը հանդերձել ավելի քան 2 հազար կմ գործողության շառավղով անօդաչուներով
    Իրանը պլանավորում Է իր ռազմածովային ուժերի մարտանավերը հանդերձել հարվածային տախտակամածային ուղղաթիռներով և ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով անօդաչուներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք առաջին անգամ կգնենք հարվածային տախտակամածային ուղղաթիռներ, որոնք այդքան անհրաժեշտ են տարբեր գործողություններ իրականացնելիս, հատկապես՝ առևտրային նավերն ուղեկցելիս: Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա գործել աշխարհի ցանկացած կետում», - հայտարարել Է Իսլամական Հանրապետության ռազմածովայն ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերն ուղեկցում են երկրի առևտրային, նավթատար և ձկնորսական նավերն ամբողջ աշխարհում: Մշտապես մարտական հերթապահության մեջ են գտնվում երեք հրամանատարությունների ջոկատները, որոնք պատասխանատու են Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում գործողությունների համար:
    16:15
    22.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ուկրաինական կողմի հետ փորձագիտական հանդիպում Է կազմակերպել ԱԹՍ-ների թեմայի շուրջ
    Թեհրանի կողմից Մոսկվային ռազմական անօդաչուներ մատակարարելու վերաբերյալ հաղորդագրությունների հրապարակումից հետո իրանական կողմն ուկրաինական կողմի հետ փորձագիտական հանդիպում Է անցկացրել այդ հարցը քննելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Արևմուտքի երկրները պնդում են, թե Ուկրաինայում մարտական գործողությունների համար Իրանը ներկայում անօդաչուներ Է մատակարարում Ռուսաստանին: Մոսկվան և Թեհրանը հերքել են այդ մեղադրանքները: Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել Է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչուներ Է մատակարարել Ուկրաինայում ռազմական գործողություններն սկսելուց մի քանի ամիս առաջ: Նա նաև հայտնել Է, որ Թեհրանը չի կարողացել Կիևի հետ հանդիպում անցկացնել անօդաչու թռչող սարքերի հարցի շուրջ ուկրաինական կողմի չներկայանալու պատճառով: «Այսօրվա դրությամբ կարևոր քայլեր են արվել Իրանի և Ուկրաինայի պաշտպանության բնագավառի մասնագետների համատեղ փոխգործակցության հարցում, և դա շարունակվելու Է այնքան ժամանակ, քանի դեռ չեն հարթվել այդ հարցի շուրջ թյուրիմացությունները: Իրանը կարծում Է, որ ենթադրյալ անօդաչուների հարցի հետ կապված թյուրիմացությունները կարող են լուծվել Ուկրաինայի հետ համատեղ փոխգործակցության շարունակման ճանապարհով», - ասվում Է հաղորդագրության մեջ:
    16:07
    22.11.22
    Ավելին