Լրահոս

2022-02-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ
    Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ ՀԿ-ները պահանջներ են ներկայացրել ՀՀ վարչապետին և կառավարությանը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը։ Հայտարարությունում նշված է․ «Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։ Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), Անհապաղ 1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: 2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Երևանի մամուլի ակումբ «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Փինք» իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Գորիսի մամուլի ակումբ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ Բենիամին Պողոսյան, Քաղաքական եվ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն»։
    21:01
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    65-ամյա կին գրպանահատը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել
    Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր: Գաղտնի հափշտակությունը բացահայտվեց հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ: Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզեցին, որ տուժողի դրամապանակը գողացել է Երևանում հաշվառված 65-ամյա մի կին: Ժամը 17-ի սահմաններում կասկածվողը Ապարան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
    20:45
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու չի կայացել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. փաստաբանի պարզաբանումը
    ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Դատարանից հայտնեցին, որ դատարանն այսօր մեկ այլ քրեական գործով խափանման միջոցի վերաբերյալ պետք է քննություն իրականացնի, ինչը ենթադրում է ծավալուն գործողություններ ու ծավալուն քննություն։ Այդ պատճառով հնարավոր չէ այսօրվա դատական նիստի կայացումը։ Դա է պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվեց։ Այլ պատճառ չկա»,- ասաց Ալեքսանյանը։ Այսօր` փետրվարի 7-ին, ժամը 14։30-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում նախանշված էր Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Վազգեն Մանուկյանի գրասենյակը հայտարարել էր, որ Մանուկյանը ներկա է լինելու դատական նիստին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է ու նշանակվել ապրիլի 13-ին։ Ինչ վերաբերում է գործի դատաքննության երկարաձգմանը, փաստաբանը նշեց, որ դա իրեն չի զարմացնում, քանի որ քաջատեղյակ է դատարանների աշխատանքային առկա վիճակին։ Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, Էրիկ Ալեքսանյանի համոզմամբ, թեև որոշակի ձգձգումներով, բայց ի վերջո ջախջախվելու է դատարանում։ «Ամբողջ ապացուցողական բազան կազմված է քննիչի կողմից կատարված տեսանյութերի վերաբերյալ քննության արձանագրություններից։ Եվ այդ արձանագրությունները, երբ որ մենք ուսումնասիրեցինք ու հետազոտվեց դատական քննության ժամանակ, բոլորին պարզ դարձավ, որ այդտեղ բռնության կոչերի որևէ փաստական տվյալ չի պարունակվում։ Այս քրեական գործը կառուցված է այսօրվա քաղաքական իշխանության կարծիքների ու ամբիցիաների վրա և դատարանում ուղղակի փլուզվելու է»,- ասել է Ալեքսանյանը։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ»-ն իշխանության արագ զավթումն էր։ Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։
    20:14
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը
    Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։
    20:08
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բորիս Բախշիյանի կալանավորմամբ Հայաստանում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց. փաստաբան
    Դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելուց հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հանգամանքին։ «Այս ամենն այնքան խայտառակ վիճակ է ստեղծում, որ այստեղ իրավաբանության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Կոնկրետ կա հրահանգ. այսօրվա քաղաքական իշխանությունը հետաքրրքված է մի քանի քրեական գործերով։ Ուղղակի այնպես է ստացվել, որ այդ քրեական գործերից մի քանիսը գտնվել են Բորիս Բախշիյանի վարույթում։ Վերջինս հավատարիմ է եղել իր առաքելությանը, կատարել է համարձակ և, բնականաբար, օրենքից բխող որոշումներ, որոնք հաճո չեն եղել իշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այս իրավիճակն ունենք։ Այստեղ այլ խնդիր չկա։ Կրկնում եմ, այստեղ իրավաբանություն մի փնտրեք»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ ներկայացված մեղադրանքի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ Բորիս Բախշիյանը կալանավորման որոշումը կայացրել է առանց մեղադրյալին լսելու իրավունքի ապահովման։ «Տվյալ պարագայում, սակայն, մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին՝ առանց հարգելի պատճառի, ինչն օրենսդրորեն դատարանին թույլ է տալիս խափանման միջոցի փոփոխման հարց քննարկել։ Երբ մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, մինչ այդ ծանուցվում է իր դատավարական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասած բացասական հետևանքներին։ Մեղադրյալը, այսքանը հասկանալով, դատարան չի ներկայացել։ Իրավունքի տեսությունում կա հասկացություն՝ իրավունքից հրաժարվել, այսինքն՝ անձն իր ոչ պատշաճ վարքագծով երբեմն հրաժարվում է իր իրավունքից, այդ թվում՝ լսվելու իրավունքից։ Սա լիովին այդ դեպքն է։ Այն, որ մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին և չի ապահովվել նրա՝ լսված լինելու իրավունքը, չի վկայում այն մասին, որ Բորիս Բախշիյանն իրավունքի խախտում է թույլ տվել։ Նրա դատական ակտի իրավաչափությունը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դրվել։ Ասվածի հիմնավորումն այն է, որ անգամ դատախազությունը չի բողոքարկել այդ դատական ակտը, այսինքն՝ այն այսօր ունի օրինական ուժ, և դատական ակտի չբեկանված լինելու պայմաններում մենք պետք է առաջնորդվենք այդ որոշման օրինականության կանխավարկածով։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է խոսք գնալ կալանավորելու վերաբերյալ ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացման մասին»,- հարց է հնչեցրել Էրիկ Ալեքսանյանը։
    19:56
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուս-չինական համատեղ հայտարարությունը նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ․ Արտակ Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ռուս-չինական համատեղ հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը։ «Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է: ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից: ՌԴ Նախագահի՝ Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին: Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում: ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը: Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու՝ ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ: Այս հարցում որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան և սեփական ստանդարտների պարտադրումը իրականում խեղաթյուրում են ժողովրդավարությունը և սպառնալիք են հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար: Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը «մեկ և միասնական Չինաստանին» և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս: Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին՝ հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը: Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի: Առաջին անգամ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների: Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական «Ռոսնեֆտը» և չինական CNPC-ն (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանով դեպի Չինաստան մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ «Գազպրոմը» պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խմ գազի մատակարարման հարցում: Դատելով համատեղ հայտարարությունից, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը, փաստացի, ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերը: Հ.Գ. Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա, դեռևս մնում է անկանխատեսելի»,- գրել է Արտակ Զաքարյանը:
    19:55
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս
    Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Դավիթ Անհաղթի զբոսայգին համայնքին վերադարձնելու և վարձակալի հետ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Հանգստի գոտին արդեն մի քանի տարի է՝ ինչ գտնվում է անմխիթար վիճակում: «Վարձակալի հետ պայմանագրի լուծումն ինձ համար ինքնանպատակ չէ: Մեր համաքաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե այգին ում է պատկանում: Նրանց համար ամենակարևորը հանգստի գոտում նորմալ միջավայրի ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ: «Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները, այն էլ՝ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը:
    19:44
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևքար համայնքում շչակ է գործարկվելու
    Փետրվարի 8-ին՝ ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը և հորդորում՝ չանհանգստանալ:
    19:30
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ավազակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, 53-ամյա տղամարդը, դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող համակցված կերերի մասնագիտացված խանութի վաճառողուհու գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցնելով խոշոր չափերի՝ 880.000 ՀՀ դրամ գումար և աշխատակցուհուն պատկանող բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    19:28
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ
    N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:
    19:20
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հիվանդությունը խլել է դստեր կյանքը, պատերազմը` որդու
    Դավիթը բանակից վերադառնալուց հետո որոշել էր զբաղվել ծրագրավորմամբ, իսկ Լիլիթը հետաքրքրվում էր պատմությամբ ու մշակույթով: Նա նախ սովորել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության, ապա հնեաբանության և ազգագրական ամբիոնում: Ուսման ավարտին մնացել էր ընդամենը քսան օր, երբ տարիներ տևած ծանր հիվանդությունը խլել է Լիլիթի կյանքը, գրում է «forrights.am»-ը։ Քրոջ մահվան լուրը Դավիթին հասել էր այն ժամանակ, երբ արդեն բանակում էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ-ի հունվարի 8-ին, նախ ծառայել էր Գյումրիում, ստացել կրտսեր Սերժանտի կոչում, ապա տեղափոխվել Սանասար (Որոտան): «Անընդհատ խոսում էր իր զենքից: Ֆագոտն էր իր զենքը: Հակատանկային գումարտակում էր ծառայում… ես զգում էի, որ ինքը տարերքի մեջ է… բայց հետո մեր ընտանիքի հետ եղավ մեծ դժբախտություն: Մենք Դավիթին բերեցինք տուն: Ինքը եկավ, իր քրոջը հրաժեշտ տվեց: Դա իր վերջին այցելությունն էր տուն: Դավիթին հոգեպես շատ վատ վիճակում բանակ ճանապարհեցինք: Իր համար շատ դժվար էր: Ընդամենը հինգ օրով եկավ: Ծանր ապրումներ էին, իր քրոջը կորցրել էր ու ինքը գնում էր ծառայության: ՈՒ ինքը մենակ էր գնում` այդ վիշտը, այդ ցավը իր սրտում: Ու ինքը պետք է ծառայի: Անընդհատ մտածում էի` գնանք, նրան տեսնենք, ընտանիքի հետ այդ վիշտը ապրելը միասին ուրիշ է: Դրա համար մենք սեպտեմբերի 22-ին գնացինք նրան տեսանք: Շատ դժվարությամբ, բայց այլ տարբերակ չունեի, շատ էի ուզում տեսնեի: Մի քանի օրից սկսեց պատերազմը»,- պատմում է Դավիթի ու Լիլիթի մայրը` Կարինե Համբարձումյան: Պատերազմի ընթացքում Դավիթը ծնողներին զանգում էր, սակայն չէր ասում իր գտնվելու վայրի մասին:
    19:14
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվելու է Թուրքիայի նախագահի պաշտոնում
    Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը, հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը նոր հաղթանակ կտոնի»,-ասել է Բահչելին։ Անդրադառնալով հարցին՝ իրավունք ունի՞ արդյոք Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, Բահչելին ասել է՝ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։ «Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ չկա»,-պնդել է նա։ Նշենք, որ Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախացել են պնդումները, որ, ըստ երկրի սահմանադրության, Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջարդվել նախագահի պաշտոնում։ Օրերս, սակայն, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենք Էրդողանի առաջադրմանը չեն առարկելու, քանի որ «ժողովուրդը յուրաքանչյուրին տալու է իր հասանելիք պատասխանը»։
    19:10
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները․ ՀՀ ՊՆ
    N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:
    19:00
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քննչական կոմիտեն պարզում է պատանու մահվան հանգամանքները
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    18:57
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը բոլոր 6 տարիների ընթացքում: Պաշտպանն ընդծել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքը: Մասնավորապես համատեղ աշխատանքի շնորհիվ արձանագրվել են դրական արդյունքներ՝ չնայած կիրառված սահմանափակումներին: Օրինակ՝ մի դեպքում երեխաները տեղափոխվել են Երևան ծնողների մոտ, մեկ այլ դեպքում ծնողներն են տեղափոխվել երեխաների մոտ ՌԴ և այլն: Պաշտպանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության են եկել ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են ՌԴ-ում, բայց ունեն իրավունքների հարցում խնդիրներ: Օրինակ՝ մի դեպքում խնդիրներ են ունեցել աշխատանքային իրավունքների, մեկ այլ դեպքում՝ ՌԴ մուտքի արգելքի հարցում և այլն: Եղել են նաև դեպքեր, երբ խոսքը վերաբերել է քրեական հետապնդմանն ու ազատությունից զրկման վայրում քաղաքացիների իրավունքներին: Եղել են նաև համալսարաններում ուսման և կենսաթոշակի հետ կապված հարցեր: ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների հաստատություններում ընդունելությունը հիմնված է ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված դիմումների և բողոքների վրա: Նախորդ 6 տարիների ընթացքում երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով նշանակված են եղել հատուկ ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը: Դաշինքի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ: Այն դարձել է կարևոր հարթակ, որտեղ քննարկվում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ: Դա նաև կարևոր է Դաշինքի անդամ երկրներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նպատակով: Ավելին, Արման Թաթոյանի և Տատյանա Մոսկալկովայի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Մասնավորապես, այս հանդիպումները կարևոր հարթակ են եղել, որպեսզի ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների հաստատությունների ղեկավարները բարձրացնեն քաղաքացիների բողոքներում ու դիմումներում նշված հարցերը: Օրինակ՝ Արման Թաթոյանը բարձրացրել է հայ վարորդների վարորդական վկայականների հարցերը և այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովայի (ներկայում՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր) հետ: Մասնավորապես, Աննա Կուզնեցովայի հետ տեղի են ունեցել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ քննարկումներ, թե՛ պատերազմի, թե՛ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում և այլ հարցերով: Ապահովվել է տեղեկությունների արագ փոխանակում: Արման Թաթոյանը ընդգծել է, որ արդյունավետ է եղել նաև համագործակցությունը ՌԴ ռեգիոններում Մարդու իրավունքների հանձնակատարների հետ: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հետ: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:
    18:50
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանն արդեն բոլորովին չի էլ թաքցնում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերը․ Աբրահամյան
    Ադրբեջանն արդեն բոլորովին չի էլ թաքցնում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերը, պաշտոնական գործողությունների են անցել արդեն, իսկ մենք դեռ բանակցային գործընթացի շուրջ երկուստեք մանիպուլյատիվ մեղադրանքների ու ներքաղաքական հերթական գզվռտոցի մեջ չենք ընկալում, որ պետություն ենք կորցնում, որ Արցախի հայկականության վերացման դեմ թշնամու կողմից այս ճշգրիտ մտածված քաղաքականությունն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Քաղհասարակության կողմից հայտարարություն է պատրաստվել, նաեւ միջազգային տարբեր դերակատարներին եմ ահազանգում այս խնդիրների մասին, բայց մեր ջանքերը ոչինչ են, եթե այս ուղղությամբ չաշխատեն պաշտոնյաները, գիտեմ որ հստակ գործողություններ արդեն իսկ իրականացվում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից, բայց խնդիրը միայն իրավական չէ, այլ քաղաքական եւ րոպե անգամ կորցնելու իրավունք չունենք։ Հայտարարության տեքստը ստորեւ` Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։ Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝ ԱՆՀԱՊԱՂ 1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: 2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը»:
    18:40
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի դատախազությունն արձագանքել է Հայկ Խանումյանի կողմից իրավապահներին «դեղին մամուլ» անվանելուն
    Արցախի Հանրապետության դատախազության պարզաբանում է տարածել, կապված լուրերի հետ, թե «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների վերաբերյալ տեղեկությունները: Պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին օրերին լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՀ իրավապահ մարմինների կողմից «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների և պաշտոնեական անփութության ենթադրյալ հանցավոր դեպքերի նախաքննության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ներկայացված դեպքերի առնչությամբ հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ հրապարակային տեղեկություն էր տրվել ինչպես ԱՀ դատախազության, այնպես էլ քննչական կոմիտեի կողմից: ԱՀ գլխավոր դատախազը ինչպես այդ հարցով իրեն դիմած պատգամավորներին, այնպես էլ ԱՀ Ազգային Ժողովում պատգամավորի կողմից բարձրացված հարցին ի պատասխան հայտնել էր, որ գործով լրիվ ծավալով նախաքննություն է իրականացվում, որի ընթացքի դանդաղ լինելը պայմանավորված է բացառապես նախաքննական մարմնի գերծանրաբեռնվածությամբ: Ավելին՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ մինչև հիշյալ քրեական գործերով նախաքննության ավարտը ԱՀ գործադիր իշխանության ղեկավարին է ներկայացվելու գրավոր և հրապարակային հաղորդում գործով վերհանված այն խնդիրների ու թերությունների վերաբերյալ, որոնք ենթակա են անհապաղ վերացման՝ անկախ քրեական գործերի նախաքննության ընթացքից ու ժամկետից: Հատկանշական է, որ այսօր ԱՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկություն էր հրապարակել հիշյալ քրեական գործերից մեկով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչ վերաբերում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ԱՀ իրավապահ մարմիններին «դեղին մամուլ» անվանելուն և դրանից հետո դատախազության կամ քննչական կոմիտեի կողմից տվյալ գործերի շուրջ պասիվություն ցուցաբերելու շուրջ ենթադրություններին, ապա դրանք մեղմ ասած անտեղի են, քանզի դրանից հետո պատասխան արձագանք է հրապարակվել նշվածի առնչությամբ, տեղեկություններ են հրապարակվել նոր գործերի հարուցման վերաբերյալ, օրենսդիր մարմնում գլխավոր դատախազը ներկայացրել էր հրապարակային հավաստում: Եթե իրականում ձևավորվել էր իրավապահ մարմինների կողմից նման հայտարարությանն առավել սուր կամ ակտիվ արձագանքելու սպասում կամ ակնկալիք, ապա հարկ ենք համարում նշել, որ «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 71-րդ հոդվածն ամրագրում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց համաձայն դատախազը պարտավոր է լինել անաչառ, անկախ լինել կողմնակի ազդեցություններից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից, լինել օրինապահ, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող: Հավատարիմ մնալով դատախազի վարքագծի թվարկված կանոններին, հավաստիացնում ենք, որ բացակայում է այդ և այլ քրեական գործերով դատախազական լիազորությունները պատշաճ իրացնելու որևէ խոչընդոտ:
    18:20
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ անարձագանք չի թողնի «Պեգասուս»-ով քաղաքական-հասարակական գործիչներին գաղտնալսելու պնդումները․ «խնդիրը կուսումնասիրվի»
    Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը խոստացել է «անպատասխան չթողնել» երկրի ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին և լրագրողներին «Պեգասուս» համակարգով գաղտնալսելու վերաբերյալ մեղադրանքները։ Ավելի վաղ իսրայելական «Calcalist» պարբերականը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իսրայելի ոստիկանությունը, առանց դատարանի համապատասխան որոշման, «NSO Group»-ի «Պեգասուս» ծրագրի միջոցով գաղտնալսել է երկրի քաղաքական գործիչներին, պետական գերատեսչությունների ղեկավարներին, բիզնեսմեններին, լրագրողներին և հասարակական գործիչներին։ ««Պեգասուս»-ի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները շատ լուրջ են, եթե դրանք իրական են։ Մենք դա անպատասխան չենք թողնի։ Ենթադրյալ փաստերն ու իրադարձությունները շատ լուրջ են»,- այս առնչությամբ ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Նա հավելել է, որ «Պեգասուսն» ու համանման ծրագրերը ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի կարևոր գործիքներ են և նախատեսված չեն Իսրայելի պաշտոնատար անձանց կամ հասարակական գործիչների մասին ինֆորմացիա հավաքագրելու համար։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բեննեթն ու հավաստիացրել, որ կառավարության իրավական խորհրդականի տեղակալ Ամիթ Մերարին արագ կուսումնասիրի հրապարակված փաստերը։ Իսրայելի կառավարությունը, Բեննեթի խոսքով, շատ շուտով նոր իրավական խորհդատու կնշանակի (նախկին խորհրդականի լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված-խմբ․), և նրա ու համապատասխան նախարարների հետ ինքը հանգամանալից կքննարկի և կուսումնասիրի խնդիրը։ Նշենք, որ «Calcalist» պարբերականը 2021 թվականի նոյեմբերից պարբերաբար անդրադառնում է լրտեսական «Պեգասուս» ծրագիրն Իսրայելի իշխանությունների կողմից ապօրինաբար օգտագործելու խնդրին և ժամանակ առ ժամանակ փաստեր է հրապարակում այդ մասին։
    18:18
    07.02.22
    Ավելին