Լրահոս
Տարածաշրջան
10:15
29.01.23
1 063

Անօդաչուներով հարձակում՝ Իրանի ռազմական օբյեկտների վրա

Հզոր պայթյուն է որոտացել Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստում: Ըստ իրանական «Իրնա» գործակալության, կիրակի գիշերը զինապահեստը դարձել է անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ:

Իրանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, «պաշտպանական միջոցառումների շնորհիվ, անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ևս երկու սարք որսացել են զինվորականները և պայթեցրել»:

«Իրնա» գործակալությունը վստահեցնում է, որ հարձակման պատճառով ոչ ոք չի տուժել, ռազմական օբյեկտը աննշան վնասներ է կրել:

Բացի այդ, ըստ «Թասնիմ» գործակալության, պայթյուն է որոտացել Իրանի հյուսիս-արևմտյան Ազարշահր քաղաքում գտնվող մի գործարանում, որը շարժիչի յուղ է արտադրում: Զոհերի մասին տեղեկություն չկա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով,  հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ:  

Մինչդեռ, իրանագետը, վկայակոչելով Իրանից ստացվող տեղեկությունները, նկատում է, որ իրանական ՀՕՊ-ը աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ոսկանյանի խոսքով, մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։