Լրահոս
Քաղաքական
17:55
21.05.24
263

Որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն. Արմենուհի Կյուրեղյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

«Սիրելի հարենակիցներ,

մեծամասնությունը այնքան է վախեցած իր իշխանությունը կորցնելուց, այնքան է վախեցած ադրբեջանցիներին բարկացնելուց, այնքան է պատրաստակամ Ալիևի հրամանները կատարելու, որ 8 պատգամավորի մուտքը Կիրանց արգելելու համար այնտեղ էին հասցրել հարյուրավոր սև ու կարմիր բերետների:

Ասեմ, որ մինչև մեր՝ Կիրանց հասնելը, Դիլիջանի ոլորաններում հանդիպեցինք պադավատապետության դեմ պայքարողին ուղեկցող պետական համարանիշներով մի մեծ շքախմբի:

Վախի դրսևորում չէ, ապա ինչ է, երբ գունավոր բերետներին հրամայում եք անել ամեն ինչ, որ որևէ պատգամավոր չմտնի Կիրանց, որովհետև Ալիևը նման պահանջ է դրել:
Եվ երկրորդ՝ որ հանկարծ որևէ պատգամավոր չհանդիպի Կիրանցի բնակիչներին, չխոսի նրանց հետ, չտեսնի իրավիճակը:

Երբ մեզ, մի քանի պատգամավորիս, հաջողվեց սարերով ու ձորերով, պարտիզանի նման, շրջանցելով բերետավորներին, հասնել Կիրանց, գիտե՞ք ինչ արեցին: Պատգամավորների մյուս խմբի ճանապարհը փակելու համար անօդաչու բարձրացրին, ճշտեցին դաշտում նրանց տեղն ու բերետներով նորից փակեցին ճանապարհը:
Սա չե՞ք դուք: Սա չի՞ ձեր տեսակը:

Ես եղել եմ Կիրանցում, տեսել եմ իմ աչքով, թե որն եք համարում այն գիծը, որը պետք է սահմանապահով դառնա կիրանցու անվտանգային գոտին:
Դպրոցը և սահմանագիծը իրարից հեռու են այնքան, որքան այս ամբիոնը դահլիճում իմ աթոռից:

Կիրանցն ունի 63 աշակերտ, ասում եք ծառ տնկեք, անվտանգ կլինի: Կարող եք նաև պատ շարել: Սա է ձեր խոստացած անվտանգությունը և ձեզ համարում եք հարց լուծող իշխանություն:
Հիմա դուք 3 տուն, ավտոտնակ, Սարիգյուղի խմելու ջրի պոմպակայանը, Հայաստան-Վրաստան ճանապարհը 2 տեղ կտրում և տալիս եք Ադրբեջանին և ասում, թե անվտանգություն եք ապահովում:

Սա է՞ձեր հայրենասիրությունը:

Պարոն Թունյանն ասում է. իմ կարծիքով հայրենասիրությունը հայրենիքը մաքուր պահելն է:
Պարոն Թունյան, Հայրենիքը մաքուր պահելուց առաջ նախ հայրենիքը պետք է պահել:
Տիկին Խանումը, պարոն Մհերը իրենց տունը, հողամասը, բակը շատ մաքուր են պահում, բայց դուք որոշեցիք, որ դա իրենց տունը չի, որ իրենց ունեցած սեփականության վկայականը սխալմունք է:
Ո՞վ է ձեզ նման լիազորություն տվել:

Դուք որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն:

Դուք խաբել եք նրանց բոլորին, խաբելով քվե եք ստացել, հիմա էլ բղավում եք, թե լեգիտիմ եք:

Դուք լեգիտիմ չեք: Դուք պետք է հեռանաք: Այսօր դա է պահանջում հայ ժողովուրդը:

Դա դուք էլ եք զգում, հակառակ դեպքում այդքան ոստիկանների պատի հետևում չէիք թաքնվի:

Ալեքսանյանն ասում է. ոչ մեկդ առանց թիկնապահի փողոց չեք դուրս գալիս:

Էդ ինչքան եք վախեցած, որ մեր կողքին կանգնած ամեն մեկի մեջ մեզ թիկնապահ եք տեսնում:

Ինձ կծանոթացնե՞ս իմ թիկնապահի հետ, իմանամ, էլի:

Իշխանությունը պահելու համար երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնողը կապիտուլյանտ է, նա պետք է հեռանա:

Եվ ոչ միայն հեռանալու եք, այլ նաև պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար»: