Լրահոս
Հայաստան
18:01
09.02.22
299

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանսին քննարկվող կարևորագույն խնդիրներից է եղել հումանիտար հարցերի կարգավորումը, այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ քննարկվել է նաև արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի հարցը, իսկ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների, թե Հայաստանն այս առնչությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, Փաշինյանը հայտարարել է՝ Ադրբեջանին առանց նախապայմանների փոխանցվել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, ևս երկուսը վերադարձվելու է։ Այս թվերը, ինչպես ասաց Փաշինյանը, առաջին անգամ են հրապարակվում։

«Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն մոտ 4 000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ․ պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորած ունենք։

Փորձ է արվում ներկայացնել, որ հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս դեպքում տերմինը ճիշտ է օգտագործել, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։

Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն»,-  նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ոչ միայն արցախյան առաջին, այլև 44-օրյա պատերազմի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում է ակնկալում համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ։

«Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ և այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցով համագործակցել»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանին վերադարձված մարմինների մասին մինչ այս հայտարարություններով հանդես չի եկել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դիվիդենտներ է հավաքում։

«Չենք հրապարակել, որ մենք այդքան մարմիններ ենք վերադարձրել, որովհետև մենք համարում ենք, որ դա հումանիտար հարց է և միջազգային դիվիդենտներ հավաքել-չհավաքելու հարց չկա։ Մենք շարունակելու ենք աշխատել։ Դեռ 2020 թվականից ես համապատասխան հանձնարարականներ տվել եմ հույս ունեմ, որ այս հարցում ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի»,- ասել է նա։

Հարցին՝ ադրբեջանական կողմը դա սակարկության առարկա՞ է դարձրել՝ հայ գերիներին վերադարձնելու դիմաց, Փաշինյանը պատասխանել է՝ հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։

«Մենք այդ 108 մարմինը վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև ճիշտ չենք համարում, որ դա դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզներին՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա, որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,- ասել է նա։