Լրահոս
Հայաստան
23:41
15.08.24
890

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքին։ ԱԳՆ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Ուշադրություն ենք հրավիրել Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի պատմության դասագրքի խիստ կասկածելի բովանդակությանը, որի տեքստը հրապարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա կառույցի պաշտոնական կայքում։ Գրքի թվային տարբերակը հասանելի է 2024/2025 ուսումնական տարվա ուսումնասիրության և պատվիրման համար։

Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Մասնավորապես, վերանայման են ենթակա 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի խաղաղությունը կոչվում է ոչ պակաս, քան Արևելյան Հայաստանի «բռնակցում»։ Նման մատուցումն ընդունակ է տարակուսանք առաջացնել ցանկացած պատմաբանի մոտ։

Եթե կարդանք լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկական, կարելի է բոլորովին այլ մոտեցումներ տեսնել 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ։ Մինչև վերջերս հանրապետական դասագրքերում այն գնահատվում էր որպես «հայկական պետականության ապագա վերականգնման համար վիթխարի նշանակություն ունեցող»։

Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի կայացման գործում, նշանակում է դեմ գնալ ընդհանուր առմամբ հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է։ Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներում սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք հատկապես եռանդով փորձում են դուր գալ իրենց հովանավորներին:

Նման ձևակերպումների ներդրումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ Այսպես, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Կողմերը, պահպանելով միասնական մոտեցումներ ընդհանուր անցյալի նկատմամբ, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»։

Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքի փոխանցումը դպրոցներին, ինչպես նաև այսուհետ «մատների արանքով» չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նմանօրինակ աննկարագրելի փորձերին»: