Լրահոս

2022-01-07
  • Միջազգային
    Բոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից․ Ղազախստանի ՆԳՆ
    Ղազախական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը, հաղորդում են, որ Ղազախստանի վարչական բոլոր շենքերն ազատել են անկարգությունների մասնակիցներից, բոլոր պետական կառույցներում ուժեղացված հսկողություն է։ Ըստ գերատեսչության հաղորդած վերջին տվյալների՝ Ղազախստանում անկարգությունների պատճառով ձերբակալվածների թիվը այս պահին 3811 է, 26 զինյալ ոչնչացվել է, 26-ը վիրավոր է։
    16:17
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մտահոգիչ է, որ Ղազախստանը ստիպված է եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած ՀԱՊԿ-ից․ թուրք գործիչ
    Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը․ «Twitter»-ի իր պաշտոնական էջում նա գրել է, որ ցավում է թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար․ «Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»,- ընդգծել է թուրք ընդդիմադիր գործիչը։
    16:11
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Մակրոնը պատրաստվում է բանակցություններ վարել Պուտինի հետ
    «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է՝ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է առաջիկա օրերին բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը նշել է, որ Փարիզը շարունակում է Մոսկվայի հետ երկխոսությունը։ «Ես վերջին շաբաթների ընթացքում երկու երկար հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։ Զրույցներ կլինեն նաև առաջիկա օրերին»,- ասել է Մակրոնը Փարիզում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    16:05
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
    Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել։ Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Բերման ենթարկված տղամարդն ասել է՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք է բերել արտերկրում ու իր հետ բերել Հայաստան: Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրել է 9 մմ տ/չ 328 փամփուշտ: Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են։
    16:00
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում երեք անհայտ անձինք փորձել են մտնել զորամաս
    Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ երեք անհայտ անձինք փորձել են մտնել Ղազախստանի պաշտպանության նախարարության Ակտոբեի մարզում գտնվող զորամասի տարածք։ «Տեղեկություն է ստացվել երեք անհայտ անձանց կողմից ՊՆ զորամասի տարածք մուտք գործելու փորձի մասին, նախազգուշական կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
    15:57
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել․ նրանց թվում՝ քրեական հեղինակություն
    «Tengrinews.kz» կայքը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, հաղորդում է՝ անկարգությունների պատճառով երկրում ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել։ «Նոր տվյալներ ՆԳՆ-ից` ամբողջ Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են»,- տեղեկացնում է կայքը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ղազախստանում ձերբակալվել է նաև քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, որը հայտնի է որպես Արման Դիկի։ Նա անկարգությունները սկսվելուց հետո Ղազախստան է մեկնել Թուրքիայից։
    15:53
    07.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ունենք պաշտոնապես հաստատված 51, չհաստատված՝ 80 գերի, 200 անհետացման դեպք. Սիրանուշ Սահակյան
    Ռազմագերիների հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2020թ. հոկտեմբերից, բայց հիմնական իրավական աշխատանքները իրականացվել են 2021թ-ի ընթացքում։ Անհապաղ միջոցներ կիրառելու միջնորդություններից զատ նախապատրաստվել են գանգատներ և ներկայացվել են միջազգային ատյաններին։ Այս մասին «Tert․am»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին գերիների վերադարձի ուղղությամբ տարվող հիմնական իրավական աշխատանքներին, ասել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Այս ամեն ինչից բացի մենք իրականացրել ենք ջատագովությունը և մեր ձեռքի տակ եղած փաստերը ներկայացրել ենք դիվանագետներին կամ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց։ Փորձել ենք այս խողովակներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի քաղաքական գործընթացներում ևս դրական տեղաշարժեր լինեն։ Ընդհանուր առմամբ դատարանները մեր միջնորդություների խնդրանքների մեծ մասը բավարարել են, մի փոքր սահմանափակ դիրքերից են հանդես եկել ազատ արձակելու խնդրի կապակցությամբ, որը նախ պայմանավորված է դատարանների սահմանափակ մանդատով և նաև ընթացող գլոբալ քաղաքական պրոցեսներով»,- նշել է Սահակյանը։ Նա տեղեկացրել է՝ այս ամենով հանդերձ, միջազգային կառույցները կոչեր են հղել Ադրբեջանին և իրականացրել են ֆորմալ և ոչ ֆորմալ աշխատանքներ։ «Խնդիրը, իհարկե, մնում է չլուծված և մեկուկես տարին բավականին տևական ժամանակ է, որպեսզի այդ խնդիրները իրենց վերջնական լուծումը ստանային, սակայն հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կամ խնդիրներ, սա խոչընդոտ է այս գործընթացներում։ Հստակ անելիքներ ունենք 2022թ-ին, եթե այս տարվա ընթացքում ապահովել ենք փաստահավաքությունը և իրավական գործընթացների մեկնարկը, 2022թ-ին առավել մեծ աշխատանք ենք տանելու պատասխանատվության ենթարկելու մասով։ Մեր թիրախը լինելու է հայերի հանդեպ հանցագործություններ իրականացրած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անմիջական կատարողները»,- նշել է իրավապաշտպանը։ Հարցին` գերիների թվի հետ կապված ինչպիսի՞ն են վերջին տվյալները, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է. «Մինչև նոյեմբերի 16-ի դրվագը, մենք ունենք 40 հաստատված և դեռևս Բաքվում պահվող գերիներ, այս թիվը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ի դրվագով ունեցանք շուրջ երեք տասնյակին մոտ գերեվարման նոր դեպքեր, պաշտոնական տվյալներով 32-ը, որից 21-ը վերադարձվել են, 11-ը դեռևս պահվում են Բաքվում։ Ընդհանուր առմամբ ունենք 51 հաստատված գերիներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Միևնույն ժամանակ մենք ունենք չհաստատված գերեվարման դեպքեր, և այդ խումբը գտնվում է խոցելի վիճակում, նրանք գտնվում են անհայտության մեջ և նրանց ճակատագրերի առնչությամբ նոր տեղեկատվություն չի տրամադրվում, այլ կերպ ասած՝ ենթարկվել են բռնի անհետացման, այս գործերի քանակը շուրջ 80-ն է, կան անհետացման դեպքեր, որոնք շուրջ 200-ն են։ Այդ 80 գերիների մասով ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց գերեվարումը պաշտոնականացվի`անկախ հետագա դեպքերից։ 2020թ-ի պատերազմի արդյունքում շուրջ 135 գերեվարվածներ հայրենադարձվել են»։ Անդրադառնալով վերադարձած գերիներին կալանավորելու դեպքերին՝ Սահակյանը ասել է. «Ես կարծում եմ, որ մեր երկրում կալանքը որպես խափանման միջոցը չարաշահվում է։ Այն իրականացվում է պատժիչ նպատակով, վարույթ իրականացնող մարմինները փոխանակ բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալիզմը, տեխնիկական և այլ հագեցվածությունը, որպեսզի ապահովեն գործերի օբյեկտիվ քննությունը, նրանք սովետական հոգեբանությամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա կառուցել քրեական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը որպես պատժիչ միջոց։ Ցավոք սրտի այդ պրակտիկան կիրառվեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ»։ Իրավապաշտպանն ընդգծել է, որ այս քայլը ունեցավ արտաքին քաղաքական բացասական արձագանք Հայաստանի իմիջի տեսանկյունից։ «Մենք տեսանք նաև՝ ինչպես Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիներին խոշտանգելու մեջ։ Այն գործողությունները, որը կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանություններին։ Ներպետական իրավական տրամաբանությամբ էլ այս կալանավորումը գնահատում ենք ոչ իրավաչափ, դրանք չունեն օրենքով նախատեսված հիմքեր, նաև ապահովված չէ համաչափությունը, այդ խնդիրը կարելի էր լուծել ավելի մեղմ խափանման միջոցի ընտրությամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը որպես պաշտպանյալները ենք ներգարվել երկու կալանավորվածների գործերին, վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը և հետագայում փաստերով դիմեկու ենք ՄԻԵԴ։ Վստահորեն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան, այդ տղաները հրաժարվել են գնալ երրորդ երկիր և եթե ցանկություն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կգնային»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ 2022թ-ին բացի իրավական հիմնական գործողություններից, աշխատանքներ են տանելու այլ երկրների ազգային օրենսդրությամբ օտարերկրյա պետություններում քրեական հետապնդումներ իրականացնելու համար, աշխատելու են քաղաքական սանկցիաների ուղղությամբ։
    15:46
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ՌԴ ռազմական ինքնաթիռներով
    ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը Ղազախստան է տեղափոխվում ՌԴ ռազմական ինքնաթիռներով։ «Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն իրականացվում է ռուսական 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով», - տեղեկացրել են գերատեսչությունից։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներն արդեն օդ են բարձրացել «Զվարթնոց» օդանավակայանից։
    15:33
    07.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայլուր 15:30 Դիակներ՝ գնդակոծված մեքենաներում. Ղազախստանում 26 զոհ կա, մոտ 4000 ձերբակալված մարդ
    Դիակներ՝ գնդակոծված մեքենաներում. Ղազախստանում 26 զոհ կա, մոտ 4000 ձերբակալված մարդ | 07.01.2022
    15:30
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն ՀԱՊԿ մեխանիզմները․ ՀՀ ԱԽ քարտուղար
    «Ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն ՀԱՊԿ մեխանիզմները և հույս ունենք, որ եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, այն դեպքում, երբ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ օգնության կարիք ուներ:
    15:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կարգուկանոնի խախտման գործում հրահրող դեր են խաղում լրատվամիջոցները․ Տոկաև
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որ ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները հանցակից են դարձել Ղազախստանում իրադարձությունների սանձազերծմանը․ «Կարգուկանոնի խախտման գործում աջակցող և էապես հրահրող դեր են խաղում, այսպես կոչված, ազատ լրատվամիջոցները և օտարերկրյա գործիչները, որոնք հեռու են մեր բազմազգ ժողովրդի հիմնարար շահերից: Կարելի է առանց չափազանցության ասել, որ բոլոր այս անպատասխանատու դեմագոգները դարձան հանցակիցներ Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության սանձազերծման գործում»,- հայտարարել է Տոկաևը իր ուղերձում։ Ղազախստանի Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նման գործողությունները զգալի վնաս են հասցնում տնտեսական, սոցիալական և քաղաքական կայունությանը․ «Եվ մենք կոշտ ենք արձագանքելու իրավական վանդալիզմի բոլոր գործողություններին։ Կասկած չկա, որ մենք արագորեն կհաղթահարենք մեր պատմության այս սև շրջանը»,- խոսքը եզրափակել է նա։
    15:22
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ռումբի մասին ահազանգ՝ Փարաքարում. ավագանու նիստ՝ լարված իրավիճակում
    Փարաքարի մշակույթի տանն այսօր ավագանու հերթական նիստ էր նշանակված, բայց ահազանգ էր ստացվել, որ ռումբ կա տեղադրված: Ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները՝ շան հետ, սակայն որևէ ռումբ չեն հայտնաբերվել:
    15:16
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հարձակման դեպքում ՀԱՊԿ խաղաղապահներն իրավունք ունեն զենք օգտագործել
    Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների ղեկավար է նշանակվել Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
    15:15
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
    Հունվարի 5-ին ժամը 22.10-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մ. Ադամյան փողոցից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մկրտիչ Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի, 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
    15:13
    07.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։
    15:07
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Քանի մարդ է ձերբակալվել Ղազախստանում
    «Խաբար-24» հեռուստաալիքը, վկայակոչելով Ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբին, տեղեկացնում է՝ Ղազախստանում իրավապահ մարմինները 3706 մարդ են ձերբակալել երկրում ծայր առած անկարգությունների պատճառով:
    15:03
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վրաստանի քաղաքացու մեքենան կողաշրջվել է Շիրակի մարզում
    Երեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: «SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ժամը 21:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով:
    14:58
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփն արձագանքել է Բայդենի մեղադրանքներին
    ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանել է նախագահ Ջո Բայդենի կոշտ քննադատությանը` հայտարարելով, որ դեմոկրատ Բայդենը փորձում է ուշադրությունը շեղել իր ծառայողական ցուցակից։ «Բայդենն այսօր օգտագործեց իմ անունը՝ փորձելով էլ ավելի պառակտել Ամերիկան։ Այս ամբողջ քաղաքական թատրոնը պարզապես շեղում է այն փաստից, որ Բայդենը լիովին և ամբողջությամբ ձախողել է»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահի հայտարարության մեջ։ «Մեր երկիրն այլևս չունի սահմաններ, ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կորոնավիրուսի նկատմամբ, այլևս էներգետիկապես անկախ չէ, գնաճն ահագնանում է, մեր զինված ուժերը քաոսի մեջ են, իսկ Աֆղանստանում մեր դուրս գալը կամ կապիտուլյացիան պարզապես ամենաամոթալի օրն էր Միացյալ Նահանգների երկար ու նշանավոր պատմության մեջ»,- ընդգծել է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել էր Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին «դաշույնը ժողովրդավարության կոկորդը» խրելու մեջ՝ կապված նախընտրական կեղծիքի հետ, որը սադրեց անցած տարի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը։
    14:54
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տղամարդուն դանակահարած 21-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
    Հունվարի 6-ին ժամը 02.45-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գայի պողոտայի հարակից այգու մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Ըստ բժշկի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը ժամը 01.30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգում» տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։
    14:50
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կոնգրեսական Շիֆը հայերեն է շնորհավորել
    Կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է հայ համայնքի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Կոնգրեսականը շնորհավորանքը նաև հայերեն է գրել. «Wishing the Armenian community a very Merry Christmas! Shnorhavor Nor Dari yev Sourp Dznount Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ ԾՆունդ»,- գրել է Շիֆը:
    14:41
    07.01.22
    Ավելին