Լրահոս
Միջազգային
19:11
28.02.22
238

Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ Կիևում իրավիճակի և հայերին ցուցաբերվող աջակցության մասին

Img default alt hy

Oragir.news-ը Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանից նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ իրավիճակ է Կիևում․ 

«Շաբաթ օրվանից մինչև այսօր պարետային ժամ էր Կիևում, բայց այն այսօր՝ առավորյան 8:00-ից վերջացավ։ Ժողովուրդն այսօր հնարավորություն ունի մթերային խանութներ գնալ՝ բոլորը բաց են, դեղատուն էլ կարող են գնալ, իսկ երեկոյան՝ ժամը 10:00-ից էլի կսկսվի պարետային ժամը՝ մինչև առավոտյան ժամը ութը»,- ասել է Գևորգյանը։ 

Նա նշել է, որ մինչ այժմ հայ համայնքից զոհեր չկան. 

«Բոլորի հետ աշխատում ենք և՛ մենք, և՛ թեժ գծերն էլ, ինչպես նաև դեսպանատունը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և եկեղեցին՝ Մարկոսի սրբազանի գլխավորությամբ։ Բոլոր հարցերին աշխատում ենք պատասխանել, պռոբլեմային հարցեր չենք ունեցել»։ 

Հարցին, թե ունե՞ն կապ ՀՀ ԱԳՆ-ի հետ, Գևորգյանն ասել է, որ դեսպանատուն-եկեղեցի-համայնք համատեղ աշխատում են. 

«ԱԳՆ-ն դեսպանատունն է, եթե որևէ մեկը իր կամքով դուրս է գալիս, ապա մենք հայերին ուղեկցում ենք հեռախոսով, ոչ թե անձամբ՝ մինչև սահման։ Տերնոպոլ և Վիննիցա քաղաքներում ունենք պատրաստված տեղեր, եթե մարդիկ դուրս են գալիս՝ մեզ մոտ կարող են մեկ օրով մնալ, գիշերել և մյուս օրը դուրս գալ դեպի սահման»,- ասել է Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ բոլոր հայերին խորհուրդ տալով՝ տներից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։