Լրահոս
Աշխարհ
13:28
16.07.26
33

Կորեայում նախատեսում են արգելել սոցցանցերը մինչև 14 տարեկան երեխաների համար․ Yonhap

Img default alt hy

Հարավային Կորեայի իշխանությունները դիտարկում են մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի Զանգվածային հաղորդակցության և կապի հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։

«Մենք դիտարկում ենք մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև 14-ից 19 տարեկան դեռահասների կողմից նման հարթակների չափից ավելի օգտագործումը խրախուսող ալգորիթմների ազդեցությունը սահմանափակելու ծրագիրը», - մեջբերում է Yonhap գործակալությունը հանձնաժողովի նախագահի խոսքերը։

Կիմ Չոն Չհոլը նշել է, որ խորհրդարանում առաջարկվել է շուրջ յոթ օրինագիծ, որոնք վերաբերում են անչափահասների կողմից սոցցանցերի օգտագործմանը։

Միաժամանակ պաշտոնյան հավելել է, որ խնդրին արժե զգուշորեն մոտենալ՝ հղում կատարելով դեռահասների համար գիշերային ժամերին առցանց խաղերի արգելքի փորձին։ 2011 թվականին Հարավային Կորեայում ընդունվեց օրենք, որը թույլ չէր տալիս 16 տարին չլրացած անձանց կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը մուտք գործել առցանց խաղեր։ 2022 թվականի հունվարին այդ օրենքը չեղարկվեց, քանի որ այն բացասաբար էր ազդում խաղային արդյունաբերության վրա և «խախտում էր» մարդկանց «հիմնարար իրավունքները», նշում է Yonhap-ը։