Լրահոս
Միջազգային
20:35
13.07.26
155

Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 7-8-ը Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է տվել հստակորեն արտահայտելու Թուրքիայի դիրքորոշումը միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։

«Գագաթնաժողովը ծառայեց որպես հարթակ, որտեղ Թուրքիայի դիրքորոշումը շարադրվեց առավելագույն վճռականությամբ։ Մենք շատ հստակ բարձրացրինք Գազայի հատվածում և Լիբանանում մեր եղբայրների ու քույրերի ենթարկված անմարդկային հարձակումների հարցը։ Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասել է նա կառավարության նիստի արդյունքներով իր ելույթի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ գագաթնաժողովի ողջ ընթացքում իրականացվել են առավելագույնս ինտենսիվ դիվանագիտական շփումներ և երկկողմ հանդիպումներ՝ ինչպես դաշինքի երկրների, այնպես էլ Անկարա հրավիրված ՆԱՏՕ-ին անդամակցող պետությունների առաջնորդների հետ։

«Հատուկ նշենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցը Թուրքիա։ Այն տեղի ունեցավ 17 տարվա ընդմիջումից հետո և հսկայական նշանակություն ուներ։ Մենք գոհունակությամբ ընդունեցինք մեր երկրի և գագաթնաժողովի մասին նրա դրական խոսքերը։ Մենք կշարունակենք համագործակցությունը պարոն Թրամփի հետ թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման, երկկողմ առևտրի 100 միլիարդ դոլարի թիրախային ցուցանիշին հասնելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Էրդողանը։

Նա նաև տեղեկացրել է, որ այն համատեքստում, որ «ՆԱՏՕ-ի համար անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ջանքերը առաջնային հարց են, որոշում է կայացվել Կոնյայում (Կենտրոնական Թուրքիա) ստեղծել անօդաչու համակարգերին հակազդելու առաջադեմ կենտրոն։