Լրահոս
Հասարակական
14:11
11.07.26
82

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Img default alt hy

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների գործողությունները։

Դանագոզյանը նշել է, որ «Եվրոմոթորսը» BMW և Mini ավտոբրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն զբաղվում է մեքենաների վաճառքով, պահեստամասերի ներկրմամբ ու տեխնիկական սպասարկմամբ։

Նա ընդգծել է, որ իր աջակցությունն է հայտնում Ծառուկյանին ու նրա ընտանիքին, ինչպես նաև հավելել, որ ընկերության արտասահմանյան գործընկերները նույնպես համակարծիք են իրենց հետ։

«Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել պարոն Ծառուկյանին, իր ընտանիքին՝ իր կնոջը, մորն ու զավակներին։ Աբու Դաբիի մեր գործընկերները՝ Princess Cars ընկերությունից, նույնպես աջակցում են պարոն Ծառուկյանին և պատրաստ են այս հարցը բարձրացնել տեղական մարմիններում, ինչպես նաև իրավական ու միջազգային ատյաններում»,- ասել է Դանագոզյանը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի առավոտյան ընկերությունում անսպասելիորեն քննչական գործողություններ են սկսվել, ինչի հետևանքով, ինչպես հայտնել է «Եվրոմոթորսի» տնօրենը, առգրավվել են աշխատակիցների էլեկտրոնային սարքերը։

«Մեզնից վերցնում են երեք սերվեր, 19 համակարգիչ, նոթբուք և բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները, այդ թվում՝ իմ անձնական բջջայինը, որը աշխատանքային չէ»,- հայտարարել է նա։

Դանագոզյանն ընդգծել է, որ ընկերությունը ղեկավարելու տասը տարիների ընթացքում «Եվրոմոթորսը» համարվել ու համարվում է ամենաթափանցիկ կազմակերպություններից մեկը։

«Կարող եմ վստահեցնել, որ սա ամենաթափանցիկ ընկերություններից է. մենք ժամանակին վճարում ենք բոլոր հարկերն ու գործում լիովին թափանցիկ համակարգով»,- նշել է տնօրենը։