Լրահոս
Հայաստան
18:25
09.02.22
92

Անթալիա մեկնելու հարցը կորոշվի Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո. Արարատ Միրզոյան

Img default alt hy

Կմեկնի Հայաստանի պատվիրակությունը մարտ ամսին Անթալիա, թե ոչ` պարզ կլինի փետրվարի 24-ին Վիեննայում նախանշված ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո։

Այսօր խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ` ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ասել է Միրզոյանը` հավելելով, որ այս հարցով Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։

Ինչ վերաբերում է Անթալիայի համաժողովին մասնակցելու խնդրին, ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայից այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացվել է իր ու Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում առայժմ չկա։

Իսկ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա մեկնելու մասին մամուլում տարածված հայտարարությունները, Միրզոյանի ենթադրությամբ, սխալ թարգմանության հետևանք են։

«Հայաստանի վարչապետն այսինչ-այսինչ դրական ուղերձներն է հղել և ասել, որ նա կմասնակցի Անթալիային։ Կարծում եմ` այստեղ «նա»-ն կարող է և երկրին վերաբերվել»,- ասել է Միրզոյանը։

Փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ մեկնաբանելով լուրը` հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։