Լրահոս
Իրավական
19:52
12.06.26
214

Դատարանն այս պահին քննում է Ալեն Ղեւոնդյանի խափանման միջոցի հարցը

Img default alt hy

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին, Աջափնյակ 1 նստավայրում (Նազարբեկյան 40): Այս մասին գրել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ավելի վաղ Քկ–ից հայտնել էին, որ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն (Ալեն Ղևոնդյան–խմբ) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:

«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): 

Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: