Լրահոս
Հայաստան
18:17
09.02.22
97

Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի ընդունել ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի` իրեն ներկայացված տարբերակը և այն ուղարկել է խմբագրման։ Այս մասին նախարարը հայտնել է այսօր խորհրդարանում, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Հայեցակարգը 2021թ․ ավարտին արդեն իսկ մշակված է եղել ու պատրաստ է եղել շրջանառության։ Բայց բովանդակությունը, որը ներառված է այդ հայեցակարգում, ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի։ Որքան էլ որ հայեցակարգը ընդհանրական է ու դրանից պիտի բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ, պետք է հստակություն, նաև որոշակի հակիրճ բովանդակություն լինի»,- ասել է Պապիկյանը։

Նախարարը հայտնել է, որ հայեցակարգի բովանդակությունն ու բարեփոխումների ընթացքը գաղտնի չեն, պատգամավորները կարող են ցանկության դեպքում ծանոթանալ կատարված աշխատանքին ու մասնակցել քննարկումներին։

«Այն ամենը, ինչ արվում է, արվում է մեր երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար, պատերազմի ընթացքում բոլորիս համար տեսանելի, մասնագետների համար` շատ տեսանելի թերությունները շտկելու համար»,- ասել է նա։