Լրահոս
Հասարակական
19:50
03.02.22
711

Երևանի թիվ 1 քոլեջում զանգվածային վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ

Img default alt hy

Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ուսանողները երեկ՝ փետրվարի 2-ին, բակում վիճաբանել են, որն ավարտվել է դանակահարությամբ։ Դանակահարության հետևանքով կա երկու վիրավոր, երկուսն էլ՝ 17 տարեկան։

Քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը «News.am»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դասերից հետո և շենքից դուրս։ 

«Պատճառը շատ դեռահասական է, սերն է պատճառը, միայն դա կարող եմ ասել։ Շատ վատ բան է եղել, և հիմա որոշումներ եմ կայացնում, թե ինչ պետք է անեմ։ Այն ատելության մթնոլորտը, որ հասարակությունում տիրում է, հանգեցնում է նաև այսպիսի դեպքերի։ Իրենց անցման շրջանում փորձում են տղամարդ ձևանալ, մի հատ խոսակցությունը վերածվել է դանակահարության»,- ասել է Սանթրոսյանը։

Պարույր Սանթրոսյանը նշեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մյուսների հարցերով էլ ոստիկանությունն է զբաղվում. «Ես էլ իմ լիազորությունների շրջանակում որոշումներ կկայացնեմ, որովհետև երեխաներ կան, որ այստեղ սովորելու իրավունք չեն ունենալու։ Այս ամենն ինձ համար անընդունելի է, ես ունեմ 13 զոհված ուսանող, այս տղերքին ես միշտ օրինակ եմ բերում, իսկ իրենք նախընտրում են իրար դանակահարել»։

Ոստիկանությունից հայտնում են, որ ուսանողներին դանակով հարվածել է 15-ամյա պատանին։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։