Լրահոս
Միջազգային
16:07
23.06.26
192

Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Իտալիայի վարչապետի վարկանիշն աճել է․ Adnkronos

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի վրա նպաստել են վերջինիս վարկանիշի 2 տոկոսային կետով աճին։ Այս մասին հայտնել է Adnkronos գործակալությունը՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ և հարցումներով զբաղվող Demopolis ինստիտուտի տվյալներին։

Մելոնիի աջակցության մակարդակը վերջին 48 ժամվա ընթացքում աճել է մայիսին արձանագրված 38%-ից մինչև 40%։ Մինչդեռ Demopolis-ի հաշվարկներով՝ Սպիտակ տանը գտնվելու 18 ամիսների ընթացքում իտալացիների շրջանում Թրամփի ժողովրդականության վարկանիշը փլուզվել է 42%-ից 11%։

Միաժամանակ գործակալությունը նշում է, որ Թրամփի՝ Իտալիայի հասցեին ուղղված քննադատությունը շրջադարձային է եղել իտալացի վարչապետի վարկանիշի անկման միտման համար։ Այն պայմանավորված էր Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով էներգակիրների թանկացման հետևանքով գների աճով։

Անցյալ շաբաթ Թրամփը և Մելոնին սուր արտահայտություններ են փոխանակել։ Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը վարչապետին մեղադրել է ապերախտության և «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում արված համատեղ լուսանկարի հաշվին վարկանիշը բարձրացնելու փորձերի համար, իսկ Մելոնին ի պատասխան Թրամփին խորհուրդ է տվել մտածել սեփական ժողովրդականության մասին։ Միևնույն ժամանակ Մելոնին նշել է, որ Թրամփի հետ բարեկամությունը չի նպաստել իր ժողովրդականությանը։

Ներկայիս բախումը երկու առաջնորդների միջև առկա հակամարտության նոր փուլ է դարձել։ Մինչ այդ իտալացի վարչապետը հրապարակայնորեն պաշտպանել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ անընդունելի համարելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունները նրա հասցեին։ Թրամփը Իտալիային, ինչպես և եվրոպացի այլ գործընկերներին, մեղադրում է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը չաջակցելու և Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում օգնություն չցուցաբերելու համար։