Լրահոս
Տնտեսական
18:00
23.07.26
131

Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»

Img default alt hy

Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր գործարանի՝ «Արարատցեմենտի» շուրջ իրավական-քաղաքական գործընթացները շարունակվում են։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ 

Հուլիսի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կառավարումը հանձնվել է Էկոնոմիկայի նախարարությանը և այս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը։ Նախարարի գրառման մեջ կարելի է անգամ սպառնալիք կամ զգուշացում տեսնել։ Նա գործարանի աշխատակիցներին հորդորել է բարեխղճորեն և պատասխանատվությամբ աշխատել, «որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։ Իսկ բարեխիղճ և գիտակ աշխատողներին նա խոստանում է, որ կշարունակեն աշխատել։

«Արարատցեմենտ»-ն առանցքային դեր ունի Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլում։ Դեռ մայիսին՝ ԱԺ վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արարատցեմենտ»-ն անվանել էր Ծառուկյանի «բիզնեսի ողնաշար» և հայտարարել, որ այն շուտով պետականացվելու է։ 

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորվել է։

Հուլիսի 13-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ գործարանում բացահայտել է հարկերից խուսափելու և անապրանք գործարքների իրականացման խոշոր սխեմաներ։

Վիճակագրական կոմիտեի, Մաքսային ծառայության և բաց աղբյուրների տվյալների հիման վրա փորձել ենք հասկանալ՝ պաշտոնապես ինչ ծավալներ ունի ցեմենտի շուկան Հայաստանում, և ինչ կշիռ ունեն «Արարատցեմենտ»-ն ու մյուս գործարանները շուկայում։ 

2025-ին ցեմենտի արտադրությունը կրճատվել է 10%-ով, փոխարենը ցեմենտի ու կլինկերի ներմուծումն աճել է 29%-ով

Այս տարվա առաջին հինգ ամսում (2026 թ. հունվար-մայիսին) Հայաստանում արտադրվել է 310 հազար տոննա ցեմենտ, ինչը գրեթե նույն է, ինչ նախորդ տարվա նույն ամիսներին: Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:

Վերջին տասը տարիներին ցեմենտի արտադրության ծավալները, ընդհանուր առմամբ, աճել են։ Ակնառու աճ նկատվեց 2018 թվականից։ Որոշ փորձագետներ դա որակեցին ոչ թե իրական աճ, այլ՝ իշխանափոխությունից հետո ստվերից դուրս գալու քայլերի հետևանք։ Խոսքը, առաջին հերթին, «Արարատցեմենտ»-ի մասին էր։ Նշված տարում ցեմենտի արտադրությունը մի քանի անգամ ավելի արագ էր աճում, քան երկրում կատարվող շինարարությունը։ 

2022-2024թթ. տարեկան տվյալներով ցեմենտի արտադրությունը գերազանցել է 1 միլիոն տոննան։ 

Արդեն 2025-ին ցեմենտի արտադրությունը կրճատվել է 10%-ով, փոխարենը ցեմենտի ու ցեմենտային կլինկերի ներմուծումն աճել է 29%-ով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված տարում Հայաստան է ներմուծվել 751 հազար տոննա ցեմենտ (32 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում՝ ցեմենտային կլինկերը, որը ներմուծվում է Հայաստան ցեմենտ արտադրելու համար։ Երկուսն էլ ներմուծվում են նույն ապրանքախմբի ներքո։ Սակայն, ծածկագրերի բացվածքը վերլուծելով՝ պարզում ենք, որ կլինկերը դրա ոչ մեծ մասն է (տե'ս ինֆոգրաֆիկան)։ 

Ինֆոգրաֆիկայում տվյալները սկսվում են 2018 թվականից, քանի որ վիճակագրական կոմիտեն արտաքին առևտրի տվյալները նման բացվածքով ներկայացնում է այդ թվականից։

Հայաստանից ցեմենտ, կարելի է ասել, չի արտահանվում։ 

Վերջին երեք տարիներին ցեմենտի շուկայի ծավալը (պատրաստի ցեմենտի ներմուծում+ արտադրություն) Հայաստանում 1.4-1.5 մլն տոննայի սահմաններում է եղել։ 

Փաստացի, ցեմենտի տեղական արտադրողների հզորություններն ավելի մեծ են, քան այսօրվա արտադրանքն է։ Ըստ կառավարության ներկայացրած նախագծերից մեկի հիմնավորման՝ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 2.5 մլն տոննա։ «Արարատցեմենտի» նախագծերից մեկում էլ կարդում ենք, որ գործարանի արտադրողականությունը տարեկան 1.2 մլն տոննա է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: