Լրահոս
Միջազգային
10:37
27.06.26
104

Թրամփը խելագար է անվանել իր նախկին օգնական Բոլթոնին

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ դատարանը խիստ պատիժ կսահմանի իր ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի նկատմամբ, որն ավելի վաղ ընդունել է իր մեղքը գաղտնի տվյալների հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է ուրբաթ օրը՝ Truth Social-ում։

«Հուսով եմ՝ նրա հետ խիստ կվարվեն», - գրել է նա։ «Ջոն Բոլթոնը՝ ԱՄՆ-ի չափազանց հիմար, անհավասարակշիռ, անկարող նախկին ներկայացուցիչը, նոր է ընդունել իր մեղքը։ Նա սարսափելի մարդ է, խելագար, որը ցանկանում էր միայն խնդիրներ ստեղծել և պատերազմներ հրահրել, նա առանց որևէ անհրաժեշտության մահ և ավերածություն էր սփռում, որտեղ էլ որ հայտնվում էր», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ուրբաթ օրը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող դատարանում Բոլթոնն իրեն մեղավոր է ճանաչել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։ Ավելի վաղ նա գործարք էր կնքել հետաքննության հետ, որի շրջանակներում համաձայնել էր առաջադրված մեղադրանքներից մեկին, ինչպես նաև ավելի քան 2 միլիոն դոլար տուգանք վճարելուն։ Բոլթոնի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին։ Նախագահի նախկին օգնականին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Ինչպես 2025 թվականի սեպտեմբերին հայտնել էր Politico թերթը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Բոլթոնի խուզարկության ժամանակ գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերել։ Խոսքը զանգվածային ոչնչացման զենքի, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության և «ամերիկյան կառավարության ռազմավարական հաղորդակցությունների» վերաբերյալ նյութերի մասին է։ Դրանք հայտնաբերվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Բոլթոնի գրասենյակում։

Բոլթոնը վաշինգտոնյան ամենաարմատական տրամադրված «բազեներից» մեկի համբավ ունի։ Նա, օրինակ, բազմիցս կոչ է արել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը։ Այն ժամանակ պաշտոնավարող Թրամփը նրան աշխատանքից ազատել էր իրենց միջև սուր հակասություններ առաջանալուց հետո։ Անցյալում Բոլթոնը եղել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալը և ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը։