Լրահոս
Հասարակական
23:15
23.07.26
75

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը․ «Հետք»

Img default alt hy

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Դիտորդներն ու մասնագետները պնդում են, որ բազմաթիվ դեպքերում ազատազրկվածների ծանր հոգեկան վիճակի ազդանշանները ժամանակին արձագանք չեն ստանում։ 

«Էսի կրիչ ա, էս էլ մեխեր ա, բայց էս վերջին անգամ արդեն դուրս ա եկել, 12 հատից ավել հաշվել էի։ Գամ ա, պտուտակ ա, տեսեք՝ էս մեկն արդեն շարժվում ա։ Երկար ժամանակ շարժ չկար, անընդհատ նույն դիրքում էր, փոփոխություն չկար, բայց էս վերջին անգամ արդեն տվեց տարբերություն»,- ռենտգենյան պատկերները ցույց տալով` պատմում է «Քրեակատարողական բժշկության» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Գրիգորյանը։

Ռենտգենի նկարներում երևացող մեխերը, ջերմաչափը, պտուտակներն ու այլ մետաղական առարկաները պատահական դեպքեր չեն։ Դրանք քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման ամենածայրահեղ դրսևորումներից են։ Թեև 2025թ.-ին ինքնավնասում կատարած անձանց թիվը որոշ չափով նվազել է՝ 205-ից հասնելով 183-ի, ինքնավնասման դեպքերի ընդհանուր թիվը գրեթե չի փոխվել․ 2025-ին արձանագրվել է 617, իսկ 2024թ.-ին՝ 626 դեպք։ Սա նշանակում է, որ նույն անձինք բազմիցս կրկնել են ինքնավնասման փորձերը։

Կոշտ առարկաներ կուլ տալուց բացի, ազատազրկվածները դիմում են նաև այլ ծայրահեղ քայլերի։ 2025թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանությունը դրանցից ամենածանր օրինակներից մեկն է։ Պատիժ կրող դատապարտյալը երկար ժամանակ պահվել է մեկուսի պայմաններում, ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և մինչ այդ բազմիցս ինքնավնասվել էր՝ անդամահատելով իր երկու ձեռքերի տասը մատներից ութը։ Չնայած այդ ակնհայտ ազդանշաններին՝ նա, ըստ իրավապաշտպանների, չի ստացել անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն։

«Շատ ցավալի էր, երբ մարդն 8 անգամ իր մատները կտրում էր և  պատշաճ բուժօգնություն չէր տրամադրվում: Ոչ միայն բուժօգնությունը, այլև ինչու ոչ հոգեբանական աջակցությունը, քանի որ հոգեբանների կողմից աշխատանքը նույնպես կարևորվում է: Մշտապես բարձրաձայնում էինք, գրություններ հասցեագրում համապատասխան գերատեսչություններին՝ բարձրացնելով անձի առողջական վիճակի համատեղելիության հարցը: Ցավոք սրտի օդում կախված մնաց և ի վերջո անձն ինքնասպանություն գործեց»,- ասում է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։