Լրահոս
Հայաստան
18:01
21.04.21
23

Մամուլում արդեն տեղեկություններ էին շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում. Էդգար Ղազարյան

Img default alt hy

Մամուլում արդեն տեղեկություններ էին շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հուսով եմ ոստիկանությունում և հատուկ ծառայություններում կգտնվեն մարդիկ, որոնք սթափ կգնահատեն իրավիճակը, կհասկանան, որ ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցածն ակնհայտ սադրանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից։

Առավել քան վստահ եմ, որ հատուկ ծառայությունները նրան նախապես զեկուցել են տեղում առկա իրավիճակի և հասարակական տրամադրությունների մասին՝ կանխելու համար նրա այցը՝ իր իսկ շահերից և անվտանգությունից ելնելով։ Ուժային կառույցների կամքին հակադրվելով ու սադրանքի գնալով, նա հրահրել է լարվածությունը՝ իր մեղքով անվտանգային լուրջ սպառնալիքների առջև կանգնած սյունեցիների շրջանում։

ԱԱԾ-ի նախկին տնօրենը Իջևանում հանրային դժգոհությունները ճնշելու կապակցությամբ ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։

Իրենց ազնիվ զգացմունքներով, սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար քաղաքացիական կամք դրսևորած մարդկանց հանդեպ ուժային ցանկացած գործողություն հղի է ողջ հանրապետությունում լարվածության աճի վտանգներով, որոնց դիմակայելու իրավապահների ներուժը հնարավոր է բավարար չլինի։

Հուսով եմ այդքանը հասկանում են ոստիկանությունում և չեն ենթարկվի Փաշինյանի՝ այս անգամ արդեն իրենց հանդեպ հրահրվող սադրանքներին և սթափ կգնահատեն ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումների ռիսկերը»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին Ագարակ եւ Մեղրի քաղաքներից հետո այցելել է մարզկենտրոն Կապան: Այստեղ քաղաքի բնակիչները հավաքվել են եւ իրենց բողոքը հայտնել Փաշինյանի այցի կապակցությամբ:

Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին ու վանկարկում. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։