Լրահոս
Միջազգային
23:00
02.07.26
46

Թուրքիայի դեմ CAATSA պատժամիջոցները կարող են շուտով վերացվել․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ չի բացառում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված CAATSA պատժամիջոցների շուտափույթ վերացումը, քանի որ երկու երկրների իշխանությունները դրա համար քաղաքական կամք են դրսևորել։

«Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդները ցանկանում են վերացնել այդ պատժամիջոցները։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դրական հունով են զարգանում։ Սակայն կան նաև չլուծված հարցեր, որոնք տարիներ շարունակ գտնվում են Կոնգրեսի քննարկմանը, և դրանցից մեկը CAATSA-ն է։ Այժմ սա միակ հարցն է, որը մշտապես բացասական ազդեցություն և մտահոգություն է առաջացնում։ Ե՛վ մեր նախագահ Թայիփ Էրդողանը, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատակամ են դրանք վերացնելու հարցում։ Երբ երկու առաջնորդները հանդիպեցին Վաշինգտոնում անցյալ տարվա սեպտեմբերին, նրանք հայտնեցին իրենց կամքը այս հարցի վերաբերյալ։ Մենք հանձնարարել ենք մեր նախարարներին լուծել այս խնդիրը, և ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Հարցը կարող է լուծվել տեսանելի ապագայում»,- ասել է նա CNN Türk հեռուստաալիքի եթերում։

Ֆիդանը նաև նշել է, որ հակաթուրքական սահմանափակումների վերացման թեմայով բանակցությունների շնորհիվ «վերջին 3-4 տարվա ընթացքում շատ երկրների կողմից Թուրքիայի դեմ կիրառված գրեթե բոլոր պատժամիջոցները վերացվել են»։ CAATSA պատժամիջոցների վերացման իրական հեռանկարի վերաբերյալ նա հիշեցրել է, որ «դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսում իրավական գործընթացի ավարտը», և սահմանափակումների փաստացի վերացումը միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է այդ առնչությամբ իրավական որոշման ընդունման պահին։ «Սակայն վարչական առումով ԱՄՆ վարչակազմերի կողմից համապատասխան կամքի իրականացման հետ կապված որևէ խնդիր չկա։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա գործընթացը ամերիկյան Կոնգրեսում»,- հավելել է նա։

Խոսելով Թուրքիայի՝ F-35 ծրագիր վերադառնալու հեռանկարի մասին՝ Ֆիդանն ասել է, որ որոշակի որոշում կարող է հաջորդել CAATSA պատժամիջոցների վերացմանը։ «ԱՄՆ-ն այս հարցը ներառել է իր օրինագծում։ Սակայն, մյուս կողմից, ծրագիր վերադառնալու հարցը լիովին կախված է ամբողջ կոնսորցիումի որոշումից։ Ինչպես գիտեք, կոնսորցիումում կան այլ գործընկերներ, և նախորդ տարիներին նրանք որոշում էին կայացրել՝ բացառելով Թուրքիային ծրագրից»,- հայտնել է նա։

«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը՝ CAATSA-ն, ընդունվել է 2017 թվականի օգոստոսին։ Թուրքիան դրա ազդեցության տակ է հայտնվել Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով։ Անկարային բացառել են F-35-ի արտադրության ծրագրից, նաև լուրջ ձգձգումներ են առաջացել Թուրքիայի կողմից արդիականացված F-16 կործանիչների ձեռքբերման պայմանագրի իրականացման հարցում։ Որպես խնդրի լուծման տարբերակ՝ ամերիկյան կողմն առաջարկել էր հրաժարվել S-400-ներից և հանել համակարգերը հանրապետության տարածքից։