Լրահոս
Միջազգային
23:03
30.06.26
134

Թրամփը Գերագույն դատարանի որոշումն անվանել է «Չինաստանի հաղթանակ»

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել ծննդյան իրավունքով քաղաքացիություն տրամադրելու իրավունքը սահմանափակելու մասին իր հրամանագիրը, անվանել է «Չինաստանի հաղթանակ»։

«Ես կցանկանայի շնորհավորել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին և մեծ երկիր Չինաստանին՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության հարցում նրանց տարած մեծ հաղթանակի կապակցությամբ», - գրել է նա Truth Social-ում: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ հիասթափված է Գերագույն դատարանի որոշմամբ և կոչ է արել Կոնգրեսին՝ օրինագծի միջոցով չեղարկել այդ նորմը։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս բացատրել էր իր հրամանագիրը նրանով, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության նորմը սկզբնապես «նախատեսված էր ստրուկների երեխաների և նրանց պաշտպանության համար»։ «Այն նախատեսված չէ Չինաստանից կամ այլ երկրներից ժամանած միլիարդատերերի համար», - շեշտել էր նա։

Ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելը սահմանափակելու մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի հունվարի 20-ին՝ իր երդմնակալությունից հետո։ Այն պետական գերատեսչություններին հանձնարարում էր մերժել քաղաքացիություն տրամադրել ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց ծնողները երկրում գտնվում են անօրինական կերպով, ինչպես նաև այն դեպքում, եթե նորածնի մայրը երկիր է մուտք գործել ժամանակավոր հիմքերով, այդ թվում՝ այլ պետության հետ առանց վիզայի ռեժիմի շրջանակներում, կամ ուսումնական, աշխատանքային կամ զբոսաշրջային վիզայով, իսկ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ մշտական բնակության իրավունք ունեցող անձ չէ։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին սահմանադրական փոփոխությունն ընդունվել էր ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից (1861-1865) հետո, ինչի շնորհիվ չեղարկվել էր 1857 թվականի Գերագույն դատարանի որոշումը, որը ժխտում էր աֆրոամերիկացիների՝ քաղաքացիություն ունենալու իրավունքը։