Լրահոս
Քաղաքական
23:54
27.06.26
204

«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա

Img default alt hy

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

««Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառույցը հանդիսանում է 1989թ. դեկտեմբերի 28-ին հիմնադրված «Ադրբեջանի փախստականների ընկերության» իրավահաջորդը։ Ալիևի 2022թ. դեկտեմբերի 24-ի ելույթում կառույցը ներկայացվում է որպես «վերադարձի օրակարգի» հիմնական «կազմակերպչական միջուկ»։

Պետական աջակցությունն այս հարցում դրսևորվում է նախևառաջ խորհրդանշական-տարածական մակարդակում։ 2022թ. դեկտեմբերի 24-ին Ի. Ալիևը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքի» կառույցի շենքը, որը ժամանակին իր իսկ հանձնարարականով կառուցվել էր տեղահանվածների կազմակերպության համար, այժմ տրամադրվում է «համայնքին»։ Այս քայլով ընդգծվում է յուրօրինակ մի «հերթափոխ». Արցախից տեղահանվածների վերադարձի ֆոնին ակնարկվում է «այս շենքի բնակիչների» հաջորդական «վերադարձը» Հայաստանի Հանրապետության տարածք:

Բացի այդ, աջակցությունն ակնհայտ է կառավարման տեխնոլոգիաների մակարդակում։ Նույն ելույթում հստակ պահանջ է դրվում, որպեսզի տարբեր հասարակական միավորումները համախմբվեն մեկ կենտրոնի շուրջ, իսկ տեղեկատվական բոլոր ռեսուրսները գործեն միասնական թվային հարթակում։ Այսպիսով, գործընթացը դուրս է բերվում «քաղաքացիական նախաձեռնության» տիրույթից և վերածվում պետականորեն ուղղորդվող գործունեության, որը հիմնված է «մեկ հայեցակարգի և միասնական քաղաքականության» սկզբունքի վրա։

Խորհրդարանում նախաձեռնող խմբի ստեղծում.

Գործընթացի ինստիտուցիոնալացման հաջորդ կարևոր քայլը խորհրդարանական հարթակի ձևավորումն էր։ 2024թ. հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտոնական կայքը հայտնել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ` առաջարկելով ստեղծել հատուկ կառույց «վերադարձի» հարցերը համակարգելու համար։ Խորհրդարանի նախագահի կարգադրությամբ՝ Ազիզ Ալեքբերովի ղեկավարությամբ ձևավորվել է համապատասխան նախաձեռնող խումբը։

Հարկ է նշել, որ դեռ 2022թ. օգոստոսի 3-ին Ազիզ Ալեքբերլին ընտրվել է համայնքի վարչության նախագահ, այն բանից հետո, երբ «Ադրբեջանի փախստականների ընկերությունը» վերակազմավորվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ։ Այս քայլը նպատակ ուներ խնդիրը ներառել «խորհրդարանական դիվանագիտության» գործիքակազմում և միաժամանակ ցուցադրել հարցի շուրջ առկա ներքաղաքական կոնսենսուսը։

«Վերադարձի հայեցակարգի» մշակումը պետական մակարդակով. Հայեցակարգի պետականացումն ու օրակարգային ամրագրումն իրականացվել է երկու փոխլրացնող փուլերով. նախ՝ Ի. Ալիևի կողմից տրվել է հստակ քաղաքական հանձնարարական՝ մշակել «վերադարձի խաղաղ հայեցակարգ», որը պետք է հիմնված լինի բացառապես միջազգային կոնվենցիաների դրույթների վրա։ Դրան հաջորդել է տեքստի պաշտոնական հրապարակումը «The Concept of Return» (2023, Բաքու) անվամբ՝ տեղադրվելով ադրբեջանի պետական լրատվական գործակալության (AZERTAC) պաշտոնական պահոցում ։

Այս փաստաթղթում «վերադարձի» գործընթացը ներկայացված է ոչ թե որպես վերացական ցանկություն, այլ որպես հաջորդական պլանավորման և իրագործման թեմատիկ բլոկների ամբողջություն։ Այն ներառում է միջազգային իրավական շրջանակների ձևավորումը, համայնքի անդամների հաշվառումն ու ցուցակագրումը, վերադարձի կոնկրետ գործողությունների պլանը և «միջազգային պարտադիր որոշումների» հասնելու մեխանիզմները»։