Լրահոս
Միջազգային
15:49
27.06.26
143

Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»

Img default alt hy

ԱՄՆ հետախուզական ծառայությունը մի քանի սխալ է թույլ տվել գերատեսչությունների միջև անհամաձայնության և տվյալների հավաքագրման ներքին համակարգի անճշտությունների պատճառով, ինչը հանգեցրել է փետրվարի վերջին Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 175 մարդ։ Այս մասին հայտնել է «Bloomberg» գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանը դեռ 2019 թվականին գերատեսչության ներքին ոչ պաշտոնական համակարգում նշել էր Մինաբի ռազմական օբյեկտներում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ուշադրություն հրավիրել այն բանին, որ Պենտագոնի պոտենցիալ թիրախներից մեկը, իրականում, դպրոց է։

«Bloomberg»-ը պնդում է, որ տվյալների բազաների անջատվածության պատճառով թիրախների տեղակայման մասին տեղեկատվությունը այդպես էլ չի հասել հրամանատարությանը. այդ մասին նշված է եղել Պենտագոնի չհրապարակված հետաքննության մեջ։

Դպրոցի վրա հարձակման հետաքննությունը ԱՄՆ ռազմական գերատեսչության մակարդակով սկսվել էր ապրիլին, սակայն այս պահին այն փաստացի սառեցված է՝ երկրի Կենտրոնական հրամանատարությանը փոխանցվելուց հետո, հավելել է գործակալությունը։

Փետրվարի 28-ին իրանական իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարված են հասցրել Մինաբի տարրական դպրոցներից մեկին՝ աղջիկների համար։ Զոհվել է 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը ստացել են վնասվածքներ։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը ավելի ուշ հարձակման մեջ մեղադրեց Իրանի ԶՈւ-ին՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Ավելի ուշ պարզվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորներն ունեն ամերիկյան զինամթերքի մակնշում։