Լրահոս
Միջազգային
15:43
13.06.26
166

ԵՄ-ն ճնշում է գործադրում Վրաստանի վրա․ Թբիլիսիի քաղաքապետ

Img default alt hy

Եվրամիությունը վերջին տարիներին ճնշում է գործադրում Վրաստանի վրա այն պատճառով, որ հանրապետությունը «համարձակվել է առանց իրենց իմացության որոշ օրենքներ ընդունել»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Վերջին տարիներին մեր երկրի նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում։ Մենք կարող ենք խոսել այն օրենքների մասին, որոնք, անշուշտ, այդ գործընթացի մի մասն են, սակայն գլխավոր պատճառն այն է, որ ինչպես համարձակվեցինք և առանց նրանց իմացության որոշումներ կայացրեցինք։ Մենք ելնում ենք մեր երկրի շահերից։ Ընտրված իշխանության ուղղակի պարտականությունն է խաղաղության պահպանումը, ընտանիքների, երեխաների պաշտպանությունը և ոչ մեկին թույլ չտալը օգտագործել երիտասարդ տղաներին ինչ-որ այլ մեծ երկրի շահերն առաջ տանելու համար»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի խոսքով՝ եվրոպացիներին, մասնավորապես, դուր չեն եկել 2024 թվականին ընդունված օտարերկրյա գործակալների և ավանդական արժեքների պաշտպանության մասին օրենքները։ «Եկեք անհատապես անցնենք. թափանցիկության մասին օրենքը (օտարերկրյա գործակալների մասին - խմբ.) ինչո՞ւ դարձավ խնդիր, ինչո՞ւ է այն հակասում եվրոպական ժողովրդավարությանը։ Ինչո՞ւ է ընտանեկան արժեքների պաշտպանությունը խնդիր, և ինչո՞ւ է այն հակասում եվրաինտեգրմանը։ Դրանց պատասխանները չկան»,- հավելել է նա։

Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ 2024 թվականի մայիսին հանրապետության խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ 2024 թվականի վերջին Վրաստանի օրենսդիր մարմինը ընդունեց ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք (ԼԳԲՏ շարժումը ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական և արգելված է)։ Այս երկու օրենքների պատճառով Արևմուտքում համարեցին, որ Վրաստանը հեռացել է եվրոպական արժեքներից և չի գնում ԵՄ ինտեգրման ուղիով։ Դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել վրացական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Արևմուտքի դժգոհությունը առաջացրին նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրություններում հաղթեց իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, սակայն ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։