Լրահոս
Քաղաքական
14:19
24.06.26
465

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո։ Փաշինյանն ինչո՞ւ գնաց իրավիճակի հավելյալ շիկացման։ Վեր կացավ և հայտարարեց, որ ընդդիմությանը ջախջախելու է, բանտերն է լցնելու, սնանկացնելու է և այլն, այն դեպքում, երբ սովորաբար քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ առաջնորդները ընտրություններից հետո խոսում են ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասին երկիրը կառուցելու հրամայականի մասին։

Փաշինյանը դա չարեց։ Չարեց։ Ինչո՞ւ։

Մանավանդ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, երբ ներքին անհանդուրժողականությունն ու հասարակության պառակտվածությունն իրոք հասել են աղետալի և նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի։

Պատճառը մեկն է։ Որպեսզի կարողանար վերարտադրվել, Փաշինյանը զիջումների, կենսական զիջումների է գնացել Թուրքիային և Ադրբեջանին։ Ինչպես դոկտոր Ֆաուստը, այնպես էլ Փաշինյանը իր հոգին, փաստորեն, ծախել էր Էրդողանին և Ալիևին։ Դրա դիմաց թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը որոշակի քաղաքական ժեստեր էին արել, որոնք մեծացրել էին Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։

Օրինակ՝ հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ մենք ինչ-որ բաներ կանենք, որպեսզի Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը մեծանա։ Եվ հենց ընտրարշավի ժամանակ եղան հայտարարություններ, թե իրենք սկսել են ուղիղ առևտրի վերջնականացման գործընթացը։ Ինչ-որ մի գործընթաց են սկսել, որ Աստված գիտի՝ երբ կվերջանա։ Իրականում այդ գործընթացն էլ մի առանձնահատուկ բան չէ, որևէ ազդեցություն չունի։ Ուղղակի բառեր են՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման մասին։

Ալիևն էլ, հիշում եք, հայտարարեց՝ Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ ընդդիմությունը վատ է պահում իրեն։ Բա սրա համար Փաշինյանը պետք է պարտքերը տա, չէ՞։

Ավելին ասեմ՝ արմատը շատ ավելի խորն է գնում։ Դեռ 2024 թվականից էինք ասում, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանառվում է, և որը այս իշխանությունները ոգևորությամբ կոչում են խաղաղության համաձայնագիր, Հայաստանի համար որևէ հարց չի լուծում, փոխարենը լրացուցիչ պարտավորություններ է ենթադրում։

Որպեսզի մերկապարանոց չթվա խոսքս, կարդամ, օրինակ, ութերորդ հոդվածը.

«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով»։

Ակնհայտ է, չէ՞, որ Ալիևը ցանկացած մարդու, ցանկացած քաղաքական ուժի, ով խոսում է Արցախի մասին, ով խոսում է վերադարձի իրավունքի մասին, գերիներին ազատելու մասին, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին, համարում է ահաբեկիչ, ծայրահեղական, անջատողական։ Եվ ահա այս թղթով նա պարտադրել էր Փաշինյանին, որ Փաշինյանը պայքարի այդ ուժերի դեմ։

Բայց Փաշինյանը ձախողել է այդ պայքարը։ Դեռ մի բան էլ՝ 2026 թվականին, 2021 թվականի համեմատ, այդ «ահաբեկիչները», «անջատողականները» և «ծայրահեղականները» խորհրդարանում ավելի շատ ձայներ ունեն։ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ երեք հինգերորդի շեմը հաղթահարել։

Բա պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը պետք է զայրանար։ Բա պարզ է, չէ՞, որ Հաջիևին պետք է ուղարկեր Հայաստան, որ ասեր՝ մոռացե՞լ ես, որ ես քեզ օժանդակել եմ, դե հիմա պարտքերս հետ բեր։

Սիրելի հայրենակիցներ, իրավիճակը, իհարկե, շատ ծանր է, բայց օրհասական չէ։ Մենք կանգնած ենք երկիրը կորցնելու, երկիրը ադրբեջանապաշտ բռնակալություն դարձնելու ճանապարհին։ Փաշինյանը դա է անում՝ բռնակալ ներսում, ով հլու-հնազանդ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։

Պետք չէ հուսահատվել։ Պետք է միասնականորեն, բռունցքված, «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին։

Այնպես որ պայքարը ավարտված չէ։ Պայքարը առջևում է»։