Լրահոս
Միջազգային
19:25
24.06.26
123

Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է օրինագծի նախապես պլանավորված ստորագրումը, ինչպես նաև այդ առթիվ կայանալիք մամուլի ասուլիսը, քանի որ Կոնգրեսը չի հաստատել երկրում ընտրակեղծիքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների փաթեթը։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ չորեքշաբթի օրը Թրամփը կստորագրի Կոնգրեսի կողմից հավանության արժանացած օրինագիծը, որը վերաբերում է ԱՄՆ-ում բնակարանաշինության ոլորտին։ «Բնակարանաշինության վերաբերյալ այսօրվա մամուլի ասուլիսը և ստորագրումը չեղարկվում են այնքան ժամանակ, մինչև մենք չընդունենք խիստ անհրաժեշտ «Ամերիկայի փրկության մասին» օրինագիծը, ինչը ես համարում եմ ազգային անվտանգության հարց», - գրել է նա Truth Social-ում։

Օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտության մասին Թրամփը բազմիցս հայտարարել է, նախատեսում է ԱՄՆ-ում ընտրությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացման և ընտրակեղծիքների կանխարգելման միջոցառումների համալիր։ Փաստաթուղթը փետրվարին արժանացել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը, սակայն Սենատն այն դեռևս չի պաշտպանել։

ԱՄՆ ներկայիս ղեկավարը և մյուս հանրապետականները 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը, հայտարարում էին քվեարկության ժամանակ համակարգային խախտումների մասին, այդ թվում՝ կապված փոստով քվեաթերթիկների ուղարկման և ձայների հաշվարկի մեքենաների կիրառման հետ։ Նրանք բազմիցս դիմել են դատարաններ՝ պահանջելով մի քանի նահանգներում իրականացնել ընտրողների ձայների վերահաշվարկ։ Սակայն հանրապետականների գործողությունները հաջողություն չեն ունեցել, նրանց հայցերը դատարանների կողմից մերժվել են։ 2024 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում Թրամփը հաղթեց Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։ Վերջինս ԱՄՆ փոխնախագահն էր Վաշինգտոնի նախորդ վարչակազմում, որը գլխավորում էր Բայդենը։

Ամերիկյան շատ նահանգներում, որտեղ իշխանության ղեկին հանրապետականներն են, վերջին տարիներին փորձեր են արվում խստացնել քվեարկության անցկացման նկատմամբ վերահսկողությունը։ Դեմոկրատները սովորաբար քննադատում են այս նախաձեռնությունները։ Նրանք հանրապետականներին մեղադրում են սեփական քաղաքական շահերից ելնելով քվեարկության գործընթացը դժվարացնելու ձգտման մեջ։