Լրահոս
Մամուլի տեսություն
09:15
20.06.26
218

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Img default alt hy

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի «վերադառնալ» իր նախնիների հողերը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա աղաղակող անհամաչափությունը։ Ակնհայտ է, որ Բաքուն այս կեղծ ու հեռահար խոսույթը պահում է օրակարգում՝ որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների և մշտական ճնշման լեգիտիմ գործիք։

Սակայն առավել մտահոգիչն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների կրավորական, վախվորած և սեփական պետական շահերը ստորադասող կեցվածքն է՝ ի տարբերություն «ներքին դաշտում» հոխորտացող, սպառնացող պահվածքի։

Փոխանակ Ադրբեջանի կողմից հնչող այս ագրեսիվ ու պետականակործան թեզերին համարժեք և կոշտ դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելու, Հայաստանի ղեկավարությունը նախընտրում է ձևացնել, թե նման խնդիր գոյություն չունի։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը պատրաստակամորեն քննարկում և ընդունում է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ սկսած սահմանազատման միակողմանի սկզբունքներից մինչև սեփական երկրի Մայր օրենքը փոխելու պատրաստակամություն։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի առաջ ագրեսիվ հռետորաբանությամբ, գոռգոռոցներով ու «դուխով» կերպարով հանդես եկող իշխանությունը արտաքին ճակատում ընդունակ չէ անգամ պրիմիտիվ ու տրամաբանական հարցադրումներ անել։

Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից։

Այս ամենի ֆոնին առանձնակի քննադատության է արժանի Հայաստանի իշխանությունների որդեգրած բացարձակ հրաժարողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Պաշտոնական Երևանը ոչ միայն չի փորձում, այլև բացահայտորեն խուսափում է միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության հավաքական և անվտանգ վերադարձի, նրանց իրավունքների ու սեփականության պաշտպանության հարցը։ Սեփական հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային օրակարգից ամբողջությամբ ջնջելով և արցախյան էջը վերջնականապես փակված համարելով՝ իշխանությունները Բաքվին հնարավորություն տվեցին անարգել առաջ մղել իր պատմական կեղծարարությունը։ Արդյունքում, Ադրբեջանը, էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը, այսօր միջազգային հանրությանն է հրամցնում «Արևմտյան Ադրբեջանի» շինծու թեզը, իսկ Հայաստանի կառավարությունը լուռ հետևում է այս ընթացքին՝ վախենալով խախտել իր իսկ կողմից հորինված «խաղաղության պատրանքը»։

Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի և Ադրբեջանի պահանջները հիմնավորողի դերում, ցանկացած թղթային պայմանագիր ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պարզապես արձանագրելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: