Լրահոս
Հասարակական
23:38
20.07.26
442

Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի մեկ մարտական հաշվարկը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։