Լրահոս
Միջազգային
11:47
20.07.26
178

Պարսից ծոցի երկրները պարտավորվել են ներդրումներ կատարել ԱՄՆ-ում՝ Հորմուզի նեղուցի պաշտպանության դիմաց․ Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պարսից ծոցի մի շարք երկրներ պարտավորվել են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունն ապահովելու։

«ԱՄՆ-ն կշարունակի անել անհրաժեշտ ամեն ինչ միջազգային նավագնացությունը պաշտպանելու համար, սակայն այլ երկրներ նույնպես պետք է ակտիվանան և տրամադրեն կա՛մ ռեսուրսներ, կա՛մ ֆինանսներ՝ այս բեռը կիսելու համար։ ԱՄՆ-ի գործը չէ հավերժ պաշտպանել նավագնացությունն ամբողջ մոլորակի համար։ Արդեն իսկ պարտավորություններ են ստանձնվել նմանատիպ որոշ ներդրումների վերաբերյալ, և կան այլ երկրներ, որոնք պարտավորություններ կստանձնեն ապագայում»,- ասել է նա լրագրողներին։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանի երկրները «պետք է հնարավորություն ունենան շահույթ ստանալ՝ նման ներդրումներ կատարելու համար, և նրանք չեն կարողանա դա անել, եթե նրանց նավթն ու գազը չհասնեն շուկա»։

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է վերահսկել Հորմուզի նեղուցը՝ որպես անվտանգ նավագնացության ապահովման փոխհատուցում ստանալով փոխադրվող բեռների արժեքի 20%-ը։ Ավելի ուշ նա Truth Social-ում հայտնել է, որ հրաժարվել է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար Վաշինգտոնին փոխհատուցում վճարելու գաղափարից՝ հօգուտ Պարսից ծոցի պետությունների հետ առևտրային և ներդրումային գործարքների։