Լրահոս
Միջազգային
17:34
20.07.26
188

Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը

Img default alt hy

Մոլդովայի նախկին վարչապետ, Մոլդովայի զարգացման և միավորման կուսակցության առաջնորդ Իոն Կիկուն խորհրդարան է ներկայացրել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի իմպիչմենտի մասին որոշման նախագիծ։

«Մենք պատրաստել ենք խորհրդարանի որոշման նախագիծ՝ նախագահի պաշտոնից Մայա Սանդուին հեռացնելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ սահմանադրության, օրենսդրության կոպիտ խախտումների և այն վիճակի համար, որին հասցրել են երկիրը։ Այսօր ես այն կփոխանցեմ ընդդիմադիր իմ գործընկերներին՝ ծանոթանալու և լրացումներ կատարելու համար։ Ես ուզում եմ, որ սա լինի ընդդիմության համատեղ փաստաթուղթը»,- «Ֆեյսբուքում» իր ուղերձում հայտարարել է Կիկուն:

Նա նաև կոռուպցիոն սկանդալների պատասխանատվությունը դրել է Սանդուի վրա. «Ես չեմ հավատում, որ Մայա Սանդուն չգիտի այդ սխեմաների մասին։ Նա պարտավոր է իմանալ։ Նա արդեն վեց տարի է՝ նախագահի պաշտոնում է, ղեկավարում է բոլոր պետական կառույցները, և դրանք բոլորը ենթարկվում են իրեն»։ Կիկուն հույս է հայտնել, որ նախագիծը կպաշտպանի 101 պատգամավորից 34-ը, ինչը թույլ կտա այն քննարկել։

Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահին պաշտոնից հեռացնելու առաջարկը կարող է առաջ քաշվել պատգամավորների առնվազն մեկ երրորդի կողմից, իսկ նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ է երկու երրորդը՝ 67 ձայն։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը հիմնել է Սանդուն, վերահսկում է 55 մանդատ։