Լրահոս
Միջազգային
12:42
04.07.26
149

Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար

Img default alt hy

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա և ԱՄՆ կազմավորման 250-ամյակի կապակցությամբ՝ նշելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամությունը։

«Մեր ժողովուրդների միջև երբեք հակասություններ չեն եղել, և ես՝ որպես Բելառուսի նախագահ, պատրաստ եմ աշխատել միասին բելառուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև աջակցելու ձեր ձգտումներին՝ մեր երեխաների և թոռների համար մոլորակն ավելի անվտանգ վայր դարձնելու հարցում», - ասված է հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոյի խոսքով՝ պատահական չէ, որ այս կարևոր հանգրվանը՝ ԱՄՆ կազմավորման 250-ամյակը, համընկնում է մի մարդու նախագահության շրջանի հետ, ով ամեն ինչ անում է ի շահ Միացյալ Նահանգների։ «Անհնար է առանց հիացմունքի հետևել այն բարձունքներին, որոնք ամերիկյան ազգը կարողացել է նվաճել քառորդ հազարամյակի ընթացքում։ Վայրէջքը Լուսնի վրա, ողջ մարդկության համար նշանակալից առաջընթացները գիտության և բժշկության ոլորտներում, լուրջ տնտեսական ձեռքբերումները՝ այս ամենը ամերիկացիների նպատակասլացության, աշխատասիրության և իրական հայրենասիրության օրինակներ են», - նշել է Բելառուսի նախագահը։

Նա նաև Դոնալդ Թրամփին և ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու մաղթել է խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։