Լրահոս
11:30
01.06.19
171

Բարի վագրը. Հովիկ Աֆյան

Img default alt hy

Մնացինք երկուսով: Դա միշտ վտանգավոր է, և իմ համար, և քո: Իմ, որովհետև ես կարող եմ խաբել քեզ, քեզ, քանի որ դու կարող ես խաբվել:

Արդեն խոսում ենք իրար հետ: Խաբեցի. վաղուց էինք խոսում, հիմա զրուցում ենք, ընդ որում, ես սկսել եմ այդ զրույցների ժամանակ ավելի ու ավելի շատ հարցեր տալ քեզ, առաջ հարցեր միայն դու էիր տալիս: Արդեն մեծացել ես. գրեթե 5 տարեկան ես, բայց հիշիր, անգամ 33-ում, 66-ում կամ 99-ում/ավելին չեմ մաղթում, այո ես, այո՝ քեզ/, հիշիր, որ դու ծովերի ու գետերի արքայադուստրն ես, իմ աղջիկ:

Մի լուրջ խնդրի առջև եմ կանգնած: Գիտեմ, որ քեզ չէ, որ պետք է պատմեմ իմ խնդիրների մասին, չեմ պատմել ու չեմ էլ պատմելու, բայց այս մեկը, երևի ամենալուրջը, բացառություն է: Բանն այն է, որ դրսի ու ներսի մեջ տարբերություն կա: Մեծ: Ավելի մեծ, քան Մաշան, որը քո փափուկ խաղալիքներից ամենամեծն է և իրոք բավականին մեծ է: Դրսում շատ են խաբում, ինձ էլ, ու որն ամենավատն է՝ ես էլ: Խաբում ենք իրար, հանուն իրար, կարևոր չէ. խաբում ենք: Ու դա նորմալ է, ջունգլիներում մեկը՝ մյուսին ուտելու պես, ասենք, երբ ջունգլիում վագրն ուտում է ինչ-որ եղնիկի, այդ կերուխումին հետևող ցանկացած արջի և ոչ միայն արջի համար, դա նորմալ է. բա վագր է, պետք է ուտի, ճիշտ այնպես, ինչպես եղնիկի՝ խոտ ուտելն է նորմալ, այնպես էլ վագրի՝ եղնիկ ուտելն է նորմալ: Հիշիր սա. պետք կգա, Աստված տա, որ պետք չգա, բայց պետք կգա, մանավանդ, որ դու եղնիկներին շատ ես սիրում, փառք Աստծո՝ վագրերին ևս:

Խնդիրն այն է, որ ես պետք է խաբեմ քեզ էլ, մի քիչ, բայց ամենակարևորի մասին: Քեզանից ինչ-որ կերպ պետք է թաքցնեմ, ծածկեմ, քողարկեմ, թաղեմ դուրսը, դրա էությունը, ինչպես ինձանից են թաքցրել, իմ առջև են թաղել: Պետք է սա անեմ, որպեսզի դուրսը քեզանով ևս փրկվելու, մաքրվելու, հղկվելու, ջերմանալու հույս ունենա, հնարավորություն ստանա: Պետք է սա անեմ, պարտավոր եմ քեզ խաբել՝ հանուն քեզ, հանուն դրսի, հանուն նրա, որ դու էլ խաբես, երբ քո խաբելու ժամանակը կգա:

Բայց, ես չեմ ուզում, որ դու դուրս ելնես եղնիկի կերպարանքով: Խնդրում եմ, դրսում ապրած յուրաքանչյուր օրդ հիշիր, որ դու սիրում ես վագրերին: Ես պատմել եմ քեզ նրանց մասին, դու սիրում ես, երբ ես քեզ պատմում եմ նրանց մասին: Հիշիր, թե նա ինչպես է հարձակվում, նախքան այդ՝ թաքնվում, ինչպես է ընտրում իր զոհին, ինչպես է ցատկում, ինչպես է ուտում, ինչու է ուտում, որքան է ուտում, եթե չուտի, ինչ կլինի...Հիշիր այդ ամենը: Իսկ մինչ կգա հիշելուդ ժամանակը, ես քեզ պետք է խաբեմ դրսի մասին, որտեղ գիտե՞ս, արև է, եղնիկներ են, բարի-բարի մարդիկ են, որոնք երբեք չեն խաբում իրար, քանի որ, գիտես, ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ, որտեղ միշտ հարգում են իրար, սիրում են իրար, սիրում են այն, ինչ սիրում է իրենց սիրելին, նույնիսկ եթե դա հնարավոր չէ սիրելը, չեն վիճում, չեն կռվում, չեն պատերազմում, քամի չկա, փոթորիկ չկա, անձրև կա, բայց միայն տաք, ...Մի խոսքով, դրսում բոլորը բարի են, ուրեմն դու էլ, խնդրում եմ, բարի եղիր...

Եւ հիշիր, սա չեմ խաբում, ներսում էլ, դրսում էլ, դու գետերի ու ծովերի արքայադուստրն ես, իմ աղջիկ: