Լրահոս
Միջազգային
12:05
06.06.26
303

ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցը․ Politico

Img default alt hy

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը, որի մասին կարող է հայտարարվել հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, գրում է Politico պարբերականը։

Ընդ որում, ընդհանուր գումարից միայն 40 միլիարդ եվրոն կլինի ֆինանսավորման նոր պարտավորություն։ Մնացած 30 միլիարդ եվրոն Եվրամիության 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով օգնության փաթեթի մի մասն է։ «Դա բնական է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը նաև ԵՄ անդամներ են։ Անարդար կլինի նրանցից խնդրել օգնություն հատկացնել երկու անգամ», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Նախաձեռնությունը մայիսին առաջարկել էր Գերմանիայի կառավարությունը։ Այն նախատեսում է նոր մեխանիզմների ստեղծում՝ թափանցիկությունը բարձրացնելու համար, թե յուրաքանչյուր երկիր ինչ ներդրում է կատարում։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, ավելի վաղ Եվրոպայի որոշ երկրներ դժգոհում էին, որ Կիևին աջակցելու անհամաչափ բեռ են կրում։ «Խնդիրն այն է, որ Անկարայի գագաթնաժողովի արդյունքներով մենք ունենանք Ուկրաինային աջակցությունը ավելի կայուն և արդար հիմքերի վրա շարունակելու հաստատուն պարտավորություն», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

Ինչպես գրում է պարբերականը, Ուկրաինային աջակցությունը կարող է դառնալ հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։ «Ընթանում են քննարկումներ այն մասին, թե ինչպես ենք շարունակելու ՆԱՏՕ-ի վճռական աջակցությունն Ուկրաինային և դրա հետ մեկտեղ երաշխավորելու բեռի արդարացի բաշխումը», - հայտնել է դաշինքի ներկայացուցիչը։

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդամ երկրներին առաջարկել էր պարբերաբար ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացնել Ուկրաինային, սակայն այդ գաղափարը մերժվել էր։ Այժմ կազմակերպությունում կենտրոնացած են գերմանական նախաձեռնության վրա։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ քննարկումները գտնվում են նախնական փուլում, սակայն ընդգծել են, որ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել շուտով՝ հունիսին կայանալիք պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։