Լրահոս
Հասարակական
18:19
05.06.26
78

Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին

Img default alt hy

NEWS.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Կառավարության ենթակայության տակ գտնվող այն գերատեսչությունների աշխատակիցներին, որոնց վարչական շենքերը գտնվում են Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում, տեղեկացրել են, որ իրենց աշխատանքային օրը այսօր կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո նրանց հանձնարարվել է ուղևորվել ՔՊ հանրահավաքին։

Իսկ հրապարակից հեռու գտնվող պետական հիմնարկների աշխատակիցներին հանձնարարվել է ներկայանալ հրապարակամերձ կոնկրետ տարածքներ, որտեղ կադրերի բաժինների ներկայացուցիչները կատարելու են ներկա-բացակայի ստուգում։ Օրինակ՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները, ըստ մեր աղբյուրի, հավաքվելու են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հետնամասում։ Նշված տարածքների վերահսկման հանձնարարություններ են տրվել ինչպես մարզային, այնպես էլ քաղաքային գերատեսչություններին։

Աշխատակիցներին հրահանգվել է պարտադիր ներկայանալ, իսկ չներկայացողներին խոստացվել են խիստ պատիժներ։ Նրանք, ովքեր որևէ պատճառով չեն կարողանա մասնակցել, պարտավորվելու են վերադասին գրավոր բացատրագիր ներկայացնել։ Կան նաև բյուջետային հիմնարկներ, որոնց ՔՊ-ական ղեկավարները աշխատակիցներին հանձնարարել են ընտանիքի անդամների հետ ներկայանալ։

Պետական համակարգում այս իրավիճակը, մեր զրուցակցի փոխանցմամբ, առաջացրել է լուռ, բայց խոր դժգոհություն։ «Մարդիկ կատաղած են, որ իրենց կենդանիների պես ստիպողաբար պահում են, որ Օսվենցիմի պես տանեն Նիկոլի միտինգին»,– նշել է մեր աղբյուրը։