Լրահոս
Հայաստան
15:47
06.06.26
1 498

Ընտրություններից առաջ հատուկ նշանակության զորքերի զինծառայողների հաշվին փոխանցվել է մոտ 200 հազար դրամ․ «Իշխանություն» լրատվական

Img default alt hy

«Իշխանություն» լրատվականը գրում է․ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերի զինծառայողների շրջանում մեծ դժգոհության և բողոքի ալիք է բարձրացել։ «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն չի իրականացվել, այլև ընթացիկ վարձատրություններից զգալի կրճատումներ են արվել։

Դեռևս հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշման համաձայն՝ հատուկ նշանակության զորքերի աշխատավարձերը պետք է բարձրանային։ Ըստ զինծառայողների՝ ՊՆ-ից ամիսներ շարունակ ձգձգել են գործընթացը՝ խոստանալով, որ հավելավճարները կփոխանցվեն հետահաշվարկով։

Սակայն, հունվարից սկսած, զինծառայողները ոչ միայն չեն ստացել բարձրացված աշխատավարձը, այլև զրկվել են իրենց հասանելիք հավելավճարներից։

«Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ մինչև հունվար ամիսը հատուկ նշանակության զորքերի ծառայողները ամեն ամիս հանձնել են մասնագիտական, տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննություններ, որոնց արդյունքներով ստացել են իրենց աշխատավարձի 1/3-րդ մասը՝ մոտ 100,000 դրամ։ Այս գումարները հունվարից այլևս չեն վճարվել։

Զինծառայողների բողոքների ու դժգոհությունների մեծ ալիքից հետո, միայն այսօր ՊՆ-ն փոխանցումներ է կատարել, որոնք, սակայն, ավելի են սրել իրավիճակը։ Հունվարի 1-ից կուտակված հետահաշվարկով՝ յուրաքանչյուր զինծառայողի (կախված հաստիքից) պետք է փոխանցվեր շուրջ 600,000 դրամ, սակայն ընտրություններից ընդամենը երկու օր առաջ փոխանցվել է շուրջ 207,000 դրամ։

«Ստացվում է՝ հունվարի 1-ից սկսած հատուկ նշանակության զորքերի ծառայողներից զուտ հավելավճարների տեսքով գողացել են մոտ 400,000-ական դրամներ։ Պարզապես դեմը ընտրություններ են, այսքանն էլ տվել են, որ կոպիտ ասած, սուս մնան»,- նշեցին նրանք։

Ստեղծված իրավիճակի պատճառով հատուկ նշանակության զորքերի զինծառայողները տեղափոխման թույլտվության թերթիկներ են վերցնում։ Նրանք պատրաստվում են կա՛մ տեղափոխվել այլ զորամասեր, կա՛մ ընդհանրապես դուրս գալ պաշտպանության նախարարության համակարգից, քանի որ կատարվող բարդ ու վտանգավոր առաջադրանքների դիմաց գործող իշխանությունն ու ՊՆ ղեկավարությունը կրճատում են նրանց հասանելիք աշխատավարձը։