Լրահոս
Աշխարհ
14:52
22.03.19
197

«30 տարի տեւած Ցեղասպանություն». նոր գիրք թուրքերի կողմից ցեղասպանվածների մասին

Img default alt hy

Բրիտանացի հայտնի պատմաբան, The Independent-ի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է հրեա պատմաբան Բենի Մորիսի «30 տարի տեւած Ցեղասպանություն» գրքին՝ նվիրված «թուրք ղեկավարների կողմից ցեղասպանված ազգերին»:

Ըստ հեղինակի, «9 երկար տարիներ» են պահանջվել՝ գիրքը ավարտուն տեսքին բերելու համար:

Գրքում պատմվում է Աթաթուրքի՝ 2,5 միլիոն քրիստոնյաների սպանդի կազմակերպմանը անմիջական մասնակցության մասին. «կրոնները իսկապես դրդում են մարդկանց ծայրահեղ բռնությունների», ասել է հեղինակը:

 Գրքի համահեղիկան է մեկ այլ հրեա պատմաբան՝ Դրոր Զեեւին: Գիրքը ապրիլին հրատարակելու է Հարվարդի համալսարանը եւ, ենթադրվում է, որ մեծ զայրույթ է առաջացնելու թուրքերի շրջանում: Գրքում շեշտվում է այն կարծիքը, որ 30 տարի տեւած հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները իրականացվել են իսլամից ոգեշնչված:

Սակայն Ֆիսկը պնդում է՝ «35 տարի Հայերի Ցեղասպանության մասին գրելով, ես կասկածում եմ, որ Ջիհադն է եղել Ցեղասպանության հիմքում: Իհարկե, Մուֆթիներին ասվել էր, թե իբր իրականացվում է կրոնական «սուրբ» պատերազմ քրիստոնյաների դեմ: Իրականությունը փաստելու համար, սակայն, կարելի է ուղղակի հաշվի առնել այն փաստերը, որ գերմանացի զինվորներն էին մարզում թուրքական բանակին, գերմանացի դիվանագետներ ու բիզնեսմեններ էին աշխատում Թուրքիայում, որոնք պարբերաբար նամակներ էին գրում իրենց երկիր ու պատմում իրենց տեսածը: Ինձ ապշեցրեց Մորիսի ու Զեեւիի պնդումը՝ «ծայրահեղ կրոնականության» վերաբերյալ»:

Ֆիսկը հոդվածում նաեւ մի քանի հայ, օտարազգի պաշտոնյաների եւ միսիոներների վկայություններ  է մեջբերում՝ ապացուցելով, որ  Թուրքիան պետականորեն ծրագրավորել եւ իրագործել է ցեղասպանությունը:  Հոդվածի վերջում Ֆիսկը մեջբերում է ամերիկացի միսիոներներից մեկի խոսքը. «թուրքերը հարբել էին արյունից, բռնաբարությունից, դաժան սպանդից ու իրենց ուժեղ զգալուց»:

Միայն թուրքերը չէին սպանում, քրդերը նույնպես սպանում էին հայերին՝ թուրքերի համար:

 Աթաթուրքը շատ տարված չէր իսլամով, նրան ավելի շատ հետաքրքրում էին ծխելն ու կանայք ու նա նախ ազգայնամոլ էր, հետո միայն՝ մահմեդական: Գերմանացիները պաշտում էին «Թրքացած» պետությունը: Երբ Աթաթուրքը մահացավ՝ Volkischer Beobachter –ի առաջին էջը սեւ էր ներկված», եզրափակել է Ֆիսկը: